Գազ մանրագլխիկ - Астрагал мелкоголовчатый - Astragalus microcephalus Wild.
Հայկական տարանունները - աստրագալ, արծվոց մոշի, գմազ, խազիրան, խազվիրան, հոսի, մուրիկ, ոս
Դեղաբույսի նկարագրությունը
Թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող, բազմամյա, մինչև 1 մ բարձրության կիսաթուփ է: Ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Աճում է չորուտներում, քարացրոններում, ղռերում, շիբլյակներում` ընդարձակ բուսուտներով: Մեր հանրապետությունում աճում է 125 տեսակ, որոնց զգալի մասն ունի բուժական նշանակություն: Դեղաբույսը դիմացկուն է ցրտի և երաշտի նկատմամբ, լուսասեր է, պտղակալում է կանոնավոր, բազմանում է սերմերով:
Քիմիական բաղադրությունը
Այս բույսերի մեծ մասը պարունակում է բուսախեժ, որը դուրս է գալիս բույսի դեղնավուն արմատի բնական ճեղքվածքներից և վնասված մասերից: Այն թանկարժեք դեղորայքային և տեխնիկական հումք է, պարունակում է պոլիսախարիդներ (60% բասորին, 3-10% արաբին), լորձ, ներկանյութ, օրգանական թթուների և ազոտական հիմքերի հետքեր: Բույսի առանձին տեսակներ պարունակում են նաև գլիցերիզինաթթու, ֆլավոնոիդներ, միկրոտարրեր:
Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով կիրառվում է բույսից ստացվող բուսախեժը, ինչպես նաև բույսի վերգետնյա մասը: Բուսախեժը հավաքում են գազի ծաղկման ժամանակ, հիմնականում գլխավոր արմատի միջուկից կամ ճյուղերից: Այն սովորաբար հոսում է արմատի կտրված մասից, հատկապես շոգ օրերին: Ցուրտ ժամանակ խեժի արտահոսքը դադարում է: Բուժական նշանակություն ունի միայն սպիտակ խեժը: Խեժը ջրում քիչ է լուծվում, հիմնականում այն ուռչում է և կլանում 50-100 ծավալ ջուր: Բացի խեժից, աշնանը կամ գարնանը հանած արմատները օգտագործում են ոգեթուրմի կամ փոշու ձևով: Վերգետնյա մասը (20 սմ երկարության չփայտացած ընձյուղները` տերևներով ու ծաղիկներով) հավաքում են ծաղկման շրջանում, կտրում են դանակով կամ մանգաղով` հողից 5-7 սմ բարձր: Այն պետք է արագ չորացնել բարակ շերտով, լավ քամահարվող տեղում: Լավ եղանակի պայմաններում 5-7 օրում այն կարելի է պիտանի համարել պահեստավորման:
Մեր հանրապետությունում գազի տեսակների ֆարմակոլոգիական ուսումնասիրության ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել Ս.Հ. Միրզոյանը, Ց.Ա. Ամիրզադյանը, Ս.Յա Զոլոտնիցկայան և ուրիշներ: Հեղինակների կողմից պարզվել է, որ դեղաբույսի բոլոր տեսակներն են պարունակում խեժ և ալկալոիդներ:
Գազը վաղուց է հայտնի ժողովրդական բժշկության մեջ: Տարբեր ժողովուրդների կողմից օգտագործվում է որպես միզամուղ, փսխեցնող, քրտնամուղ, մածող, հեմոստատիկ միջոց, ինչպես նաև երիկամային, ռևմատիկ, գեղձախտային, նյարդային հիվանդությունների ժամանակ: Գազի առանձին տեսակներ Չինաստանում օգտագործում են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, շաքարախտի և պիոդերմիայի ժամանակ, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ, թարախակալված վերքերի բուժման համար: Գերմանիայում դեղաբույսից ստացվող պատրաստուկը` «նորեկտալ» անվան տակ օգտագործվում է որպես լուծողական: Ճապոնիայում գազը հայտնի է որպես հիպոտենզիվ, իսկ Ֆրանսիայում որպես փափկացնող և թարմացնող միջոց` մարսողական տրակտի հիվանդությունների ժամանակ:
Մխիթար Հերացին գազից ստացված խեժը` խառնելով եզան լեզվի և բուսական այլ հյութերի հետ, օգտագործել է հազի և ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների ժամանակ: Նա գազի խեժը եղերդակի հյութի հետ մտցրել է «ոսկե դեղահատերի» բաղադրության մեջ և օգտագործել դեղնուկի ժամանակ, իսկ այլ խառնուրդների հետ` նաև փորկապությունների ժամանակ:
Ամիրդովլաթն իր աշխատություններում գազն անվանել է «քաթատ», «ղասատ», «աստարաղալիս», իսկ նրանից ստացված խեժը` «քիթրա»: Ուշագրավ է այն, որ մեծ բժշկապետը տալիս է իր նախորդների, ժամանակակիցների և իր իսկ սեփական կիրառման տվյալները: Նա նշում է, որ «ղասատը» ծառայում է որպես ուտելիք պախրայի և ուղտի համար: Սեփական տվյալներով նա հիմնավորում է, որ գազի խեժն ունի ցավ հանգստացնող հատկություն, այն ներքին ընդունման ձևով օգնում է ստամոքսի խոցային հիվանդությանը, խառնելով եղերդակի և ծնբեկի հյութերին` դրական է ներգործում դեղնուկի վրա: Արմատը` ծեծած վիճակում դնելով խոցակալած վերքերին, ստացել է լավ արդյունք, կամ` արմատը գինով եռացրած, ներքին ընդունման ձևով, լավ արդյունք է տալիս աղիների բորբոքման, լուծերի, արյունախխման և թոքաբորբերի ժամանակ, լավացնում միզարձակումը, փափկացնում հազը: Մեջբերելով այլ հեղինակների (Սինայի որդի, Գալեն, Մասըրճուե, Մասուայի որդի և այլն) տվյալները` Ամիրդովլաթը նշում է գազի օգտակար ազդեցությունը ասթմայի, լեզվակի այտուցի և ատոնիայի, արյունամիզության և թարախամիզության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ նշվում է, որ գազը օգնում է հազին, փափկացնում կուրծքը, ամոքում աղիքի խոցը:
Դնեպրոպետրովսկի բժշկական ինստիտուտում Ե.Վ. Պոպովայի կատարած փորձագիտական և կլինիկական աշխատանքները նոր խոսք ասացին գազի վերաբերյալ: Նա պարզեց, որ դեղաբույսի 10 %-անոց թուրմը դրականապես է ազդում սրտի պսակաձև զարկերակների սուր և քրոնիկական անբավարարությունների վրա` վերացնելով սրտի շրջանի ցավերը, արագասրտությունը, ինչպես նաև ներքին օրգանների (հատկապես լյարդի) երակային կանգը, մասնավորապես` այտուցները: Գիտական բժշկության մեջ դեղաբույսը կիրառում է գտել սուր և քրոնիկական սրտային անբավարարությունների, հիպերտոնիկ հիվանդության, երիկամային, անոթային անբավարարության, լյարդի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ և այլն` կարգավորելով երակային և զարկերակային արյան ճնշումը, ուժեղացնելով դիուրեզը, վերցնելով այտուցները, տախիկարդիան: Ջրաթուրմը ավելի արդյունավետ ներգործում է արյան շրջանառության խանգարման 1-ին և 2-րդ աստիճանների, ինչպես նաև սուր նեֆրիտների ժամանակ: Խեժը ներքին ընդունման ձևով տալիս են նաև հազի, իսկ արտաքին, որպես ցանափոշի` խոցակալված վերքերի բուժման դեպքում: Այն լայնորեն կիրառվում է նաև դեղահատեր և հաբեր ձևավորելու տեխնոլոգիայում: Բույսի անգամ ցածր խտությամբ ջրաթուրմը օժտված է մանրէասպան և նախակենդանիների վրա ներգործող հատկությամբ:
Մեր կողմից դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է կրծքային հեղձուկի, սրտային ձևի նևրոցիրկուլյատոր դիստոնիայի, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզի և սրտային այլ ախտահարումների ժամանակ, որոնք ուղեկցվել են այտուցներով, ցիանոզով, սրտի ռիթմի խանգարումներով և այլն: Թուրմի տևական կիրառման հետևանքով (1-1,5 ամիս տևողությամբ) մեղմացել կամ տևականորեն դադարել են հիվանդների սրտի շրջանի նոպայաձև բնույթի ցավերը, ճնշման և ծանրության զգացումները, կանոնավորվել է արյան ճնշումը, սրտի ռիթմը, ավելացել դիուրեզը, պակասել այտուցները, ցիանոզը:
Կիրառման եղանակները
Ջրաթուրմ պատրաստելու համար 20 գ հումքը 1 ժամ թրմում են 200 մլ եռման ջրում, քամում և խմում 1-ական ճաշի գդալ` օրական 3-6 անգամ: Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե եռացնում են 100 մլ ջրում, հովացնում ու քամում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ` օրական 3-5 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները
Գազը չափավոր մեղրատու է, ծառայում է որպես վառելանյութ և անասնակեր: Կան նաև գազի թունավոր տեսակներ:
Խեժը, բացի բժշկական կիրառումից, լայնորեն օգտագործվում է նաև տեխնիկայում` հրուշակեղենի, տեքստիլ, թղթի, լաքերի, ներկերի, կաշվի և կոշիկի արդյունաբերության մեջ:
Անհրաժեշտ է նշել, որ գազի պաշարները անսպառ չեն: Նրա որոշ տեսակներ վաղուց են մտել բնության պահպանության «Կարմիր գրքի» մեջ: Մեծ զգուշություն պետք է ցուցաբերել նրա նկատմամբ, որը հաճախ դառնում է հրդեհների, անտեղի հատումների և անասունների տրորման զոհ:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»