Առողջապահություն

Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L.

Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով`   տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:

 

Հայկական տարանունները - անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժողովենի, մոռ, մոռենի

 

Դեղաբույսի նկարագրությունը

 

Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են`   եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից`   թաղիքանման ու սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը`   բազմակորիզավոր:

 

Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում`   հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում`   երրորդ տարում, այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս չպտղակալած, պտղակալած և արդեն չորացած շիվեր: Տարբերում են վայրի (անտառամորի) և կուլտուրական ձևեր:

 

Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով`   տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:

 

Բույսի «ռուբուս» լատինական անունը ծագել է հասուն պտուղների գույնից, որը նշանակում է կարմիր:

 

Քիմիական բաղադրությունը

 

Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից`   C (մինչև 45 մգ %), B խումբ, շաքարներից`   սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին- քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից`   նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ, 0,7% ֆիտոստերին, որն ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ: 100 գ պտուղը`   յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:

 

Բուժական նշանակությունը

 

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն`   տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, դարսում են կողովի մեջ, շերտ առ շերտ`   բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին, չորացնել հով տեղում և պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ: Պտուղները չորացնում են արևի տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80° պայմաններում, մերթ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք տալուց չպետք է հետքեր թողնի:

 

Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով:

 

 

Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L. - Տաթևիկ Շահյան Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L. - Տաթևիկ Շահյան Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L. - Տաթևիկ Շահյան

 

 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը`   օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց:

 

Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը հանգստացնող միջոց:

 

Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման մեջ, և որպես ողողման միջոց`   կոկորդի հիվանդությունների ժամանակ: Որպես հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները կիրառվում են ստամոքսային արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանային խանգարումների և շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ երկրներում ծաղիկների եփուկը`   թրջոցների ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով`   թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ տեղերում ճանաչվում են որպես հակասկլերոտիկ, հակաբորբոքիչ, ջերմ իջեցնող և հիպոտենզիվ միջոց:

 

Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող և դեղորայքի համը լավացնող (հատկապես մանկաբուժության մեջ) միջոց: Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:

 

Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը: Սակայն`   պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին: Բուժական նշանակությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:

 

 

Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L. - Տաթևիկ Շահյան Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L. - Տաթևիկ Շահյան

Ազնվամորի (azmvamori) - Малина - Rubus idaeus L. - Տաթևիկ Շահյան

 

 

Կիրառման եղանակները

 

Պտուղներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում 200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ`   օրը 3 անգամ: Կամ`   2 ճաշի գդալ հումքը`   1 բաժակ եռման ջրին, նույն ընդունման ձևով: Կամ`   2 թեյի գդալ չոր հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանգամից`   որպես թեյ: Վերջինս կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ անգամ`   բարձր ջերմությունն իջեցնելու նպատակով:

 

Տերևներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք`   1 բաժակ եռման ջրին, թողնում կես ժամ, ապա օգտագործում բերանը ողողելու համար: Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի տերևներից պատրաստում են հոտավետ թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից`   մեկ բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:

 

Պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ըմպում միանվագ`   որպես քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել 2-3 անգամ: Կամ`   նույն ձևով 10 գ պտուղը`   200 մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների համար:

 

Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք`   200 մլ ջրին, եռացնում 20 րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ`   օրը 3 անգամ: Կամ`   1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում 20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով: Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20 րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի ողողումների համար և թրջոցների ձևով`   մաշկային հիվանդությունների ժամանակ:

 

Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերևներից պատրաստում են քսուք`   1 մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ:

 

№ 1 քրտնամուղ թեյի մեջ հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ`   2 մաս ազնվամորու պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ`   ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս թեյերը օգտագործվում են միանման: Այսպես. տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ:

 

 

Հոդվածի հեղինակ`   Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: