Հանրագիտարան

Եղեգնակատու

Եղեգնակատուն (Felis chaus) կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ ՀՀ-ում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում (Արաքս գետի հովտում), հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։

 

Բույնը կառուցում են թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները։
Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը`   21-31 սմ, կենդանի զանգվածը`   մինչև 12 կգ։ Վայրի կատուներից ամենամեծն է։ Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրոգույն է, բերանի շուրջը, ծնոտի ու կոկորդի շրջանը`   սպիտակավուն։ Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը`   սև, վրձնաձև մազափնջով։ Ոտքերը երար են։ Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն`   կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուսական կերով։
 
Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։
Հղիությունը տևում է 60 օր։ Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից։ Մազափոխվում է տարին 2 անգամ`   փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին։ Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին`   նաև ցերեկը։
Մորթին սակավարժեք է։ Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: