Հանրագիտարան

Տիեզերագնացություն

Տիեզերագնացությունը գիտության և տեխնիկայի ճյուղերի համալիր է, որն ապահովում է տիեզերական թռչող սարքերով տիեզերական տարածության և արտերկրյա օբյեկտների հետազոտումն ու յուրացումը:

Տիեզերագնացությունը ներառում է տիեզերական թռիչքների տեսության ստեղծումը, հրթիռների, շարժիչների, կառավարման համակարգերի, գործարկման կառույցների, ինքնաշխատ կայանների ու տիեզերանավերի և այլ սարքերի նախագծումն ու կառուցումը, ինչպես նաև տարբեր ծառայությունների ստեղծումը, ուղեծրակայանների կազմակերպումն ու սպասարկումը: 

Կարևոր են նաև կենսաապահովման համակարգերի ստեղծումը, մարդկային օրգանիզմի գերբեռնվածության, անկշռության, ճառագայթման հետ կապված տարբեր երևույթների չեզոքացումը, տիեզերական տարածության հետազոտումը, մոլորակների օգտագործման իրավական կարգավորումը և այլ խնդիրներ:
 
Տիեզերական թռիչքների հնարավորության տեսական հիմնավորումն առաջինը տվել է Կ. Ցիոլկովսկին XIX դարի վերջին: Տիեզերագնացության և ռեակտիվ շարժման տեսության հարցերին էին նվիրված ռուս գիտնականներ Ն. Ժուկովսկու, Ի. Մեշչերսկու, ֆրանսիացի Ռ. Էնո-Պելտերի, ամերիկացի Ռ. Գոդարտի, գերմանացի Հ. Օբերտի և ուրիշների աշխատանքները:
XX դարի 20-ական թվականներին հիմնադրվել են տիեզերագնացության առաջին ընկերությունները. 1924թ-ին՝ ԽՍՀՄ-ում, 1926թ-ին՝ Ավստրիայում, 1927թ-ին՝ Գերմանիայում, 1933թ-ին՝ ԱՄ]Ն-ում, Մեծ Բրիտանիայում: 1933 թ-ի օգոստոսի 17-ին Խորհրդային Միության Նախաբինո վայրից արձակվել է առաջին հեղուկաշարժիչային հրթիռը, որի ստեղծողն էր Մ. Տիխոնրավովը:
 
Արդեն 2-րդ համաշխարհային պատերազմում (1939–45թթ.) Գերմանիան օգտագործել է թռիչքի 250–300 կմ հեռահասության հեղուկաշարժիչային հրթիռներ: Նոր զենքի մշակումները պատերազմից հետո շատ երկրներում խթանեցին հրթիռային տեխնիկայի զարգացումը, և ստեղծվեցին միջմայրցամաքային և այլ բալիստիկ հրթիռներ: Այդ աշխատանքներն անուղղակիորեն նպաստեցին տիեզերագնացության տեխնիկական հիմքի ստեղծմանը:
Երկրի ձգողության ուժը հաղթահարելու և տիեզերական սարքը Տիեզերք դուրս բերելու համար պահանջվում է հսկայական քանակությամբ էներգիա: Այդ նպատակով օգտագործում են հրթիռները, որոնց շարժիչներն ապահովում են Երկրի ձգողությունը հաղթահարող արագություն: Այն արագությունը, որն անհրաժեշտ է տիեզերանավը Երկրի ուղեծիր դուրս բերելու համար, անվանում են առաջին տիեզերական արագություն, և հավասար է 7,9 կմ/վ: Երկրորդ տիեզերական արագության դեպքում, որը հավասար է 11,2 կմ/վ, տիեզերանավը կարող է հաղթահարել Երկրի ձգողությունը և դուրս գալ նրա ձգողության դաշտից: Իսկ երրորդ տիեզերական արագության՝ 42 կմ/վ-ի դեպքում տիեզերանավը կարող է նաև հաղթահարել Արեգակի ձգողությունը և հեռանալ Արեգակնային համակարգից: Հեղուկահրթիռային շարժիչների ստեղծմամբ հնարավոր եղավ հաղթահարել Երկրի ձգողությունը և երկրամերձ ուղեծիր դուրս բերել թռչող սարքեր:
Տիեզերական դարաշրջանի սկիզբը համարվում է 1957 թ-ի հոկտեմբերի 4-ը, երբ Խորհրդային Միությունում, աշխարհում առաջին անգամ, արձակվեց Երկրի արհեստական արբանյակ: 1957 թ-ի նոյեմբերին արձակված Երկրի արհեստական 2-րդ արբանյակով առաջինը Տիեզերք ուղարկվեց Լայկա անունով շունը և 1 շաբաթ ապրեց ուղեծրում:
Աշխարհում առաջին տիեզերագնացը խորհրդային օդաչու Յուրի Գագարինն է. 1961 թ-ի ապրիլի 12-ին  նա «Վոստոկ-1» տիեզերանավով թռել է Տիեզերք:
 
1960-ական թվականներին Խորհրդային Միությունը և ԱՄՆ-ը շուրջերկրյա ուղեծիր դուրս բերեցին տիեզերանավեր, որոնցում կային նաև կին տիեզերագնացներ: 
 
1965 թ-ին խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, ճկուն փողրակով կապված մնալով տիեզերանավին, առաջինը դուրս եկավ բաց տիեզերք: Տիեզերագնացության բնագավառում հաջորդ նշանակալի իրադարձությունը՝ Լուսնի վրա մարդու՝ ամերիկացիներ Ն. Արմսթրոնգի և Է. Օլդրինի վայրէջքը, տեղի ունեցավ 1969 թ-ի հուլիսի 21-ին: 1980-ական թվականների սկզբին գիտնականներն ստեղծեցին ուսապարկում դրվող մանևրային սարք, որը տիեզերագնացին հնարավորություն էր տալիս, առանց տիեզերանավին ամրանալու, ազատորեն տեղաշարժվել բաց տիեզերքում: Առաջին այդպիսի «զբոսանքը» տիեզերագնացները կատարել են ամերիկյան «Չելինջեր» տիեզերանավից 1984 թ-ին:
Երբեմն հարկ է լինում Տիեզերքն ուսումնասիրել տիեզերական զոնդերի՝ անօդաչու ինքնաշխատ սարքերի օգնությամբ:
 
Թռչող-անցնող զոնդերից բացի, կան նաև ուղեծրային զոնդեր, որոնք հասնում են տվյալ մոլորակը և, նրա շուրջը ուղեծրով պտտվելով, կատարում են երկարատև դիտարկումներ: Ուղեծրային զոնդերը շարժվում են մոլորակների ձգողության ուժի հաշվին: Ուղեծրային զոնդերը կարող են նաև այդ մոլորակի վրա իջեցնել վայրէջքային մոդուլներ՝ ինքնաշխատ սարքեր: Օրինակ`   1995 թ-ին Յուպիտերի ուղեծիր դուրս բերվեց «Գալիլեյ» զոնդը, որն այդ մոլորակի մթնոլորտ ուղարկեց վայրէջքային մոդուլ: 2004 թ-ին «Կասսինի» տիեզերական զոնդը Սատուռնի Տիտան արբանյակի վրա իջեցրեց «Հյուգենս» վայրէջքային մոդուլը, որն արժեքավոր տեղեկություններ հաղորդեց Տիտանի մակերևույթի մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: