Հանրագիտարան

Ձկներ

Ձկները (լատիներեն՝ Pisces) ջրային կենսակեպ վարող քորդավորներ են:Ապրում են ծովերում,օվկիանոսներում,գետերում և լճերում:Մարմինը պատված է թեփուկներով,քորդան փոխարինվել է ողնաշարով:

Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:

Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:
 
Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում  կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: 
 
Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ):
ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը`   իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:
Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
 
Ձկների բազմացումը
 
Ձկների որոշ տեսակներ բազմանում են կենդանածնությամբ, մեծամասնությունը՝ ձկնկիթ դնելով (ձուղպադրություն). երբեմն կատարում են հեռավոր գաղթ (օրինակ՝ սաղմոնը, օձաձուկը): Ձկների մեծամասնության էգը դնում է հսկայական քանակությամբ ձկնկիթ, որը բեղմնավորվում է, որպես կանոն, ձկան օրգանիզմից դուրս (արտաքին բեղմնավորում): Սովորաբար, ձկները, բացառությամբ քիչ քանակությամբ ձկնկիթ դնող որոշ տեսակների, սերունդներին չեն խնամում: Քաղցրահամ կամ ծովերի առափնյա ջրերում ապրող ձկները ձկնկիթը դնում են ջրի հատակին, որտեղ բույսերի մեջ այն թաքցված է թշնամիներից: Բաց ծովային տարածքներում ապրող ձկների ձկնկիթը շատ մանր է և ազատ լողում է ջրում: Ձկնկիթից դուրս եկած մանրաձկները դառնում են պլանկտոնի մի մասը, որով սնվում են բազմաթիվ կենդանիներ, այդ պատճառով էլ նրանցից քչերն են գոյատևում:
 
Ձկների զգացողության օրգանները
 
Միջավայրում ձկները կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, շոշափման և համային զգացողություններով:
Ձկների մեծամասնության աչքերը տեղադրված են գլխի կողքերին, որոնք լայն տեսադաշտ են ապահովում: Նրանցից շատերն օժտված են զարգացած գունային տեսողությամբ, որը կարևոր է բազմացման շրջանում: 
Ձկներն արտաքին ականջ չունեն, սակայն օժտված են հատուկ ձայնընկալիչ օրգաններով: Քանի որ ձայնային տատանումները ջրում լավ են տարածվում, ձկների շատ տեսակներ տեղեկություններ են փոխանակում՝ ձայնային ազդանշաններ արձակելով: Ձկներն ապրում են վատ տեսանելիության պայմաններում, ուստի շոշափման զգացողությունը նրանց համար խիստ կարևոր է: Ջրի չնչին տատանումներն ընկալում է գլխավոր շոշափելիքի օրգանը`   կողագիծը, որը բաղկացած է մարմնի կենտրոնական մասում մաշկի տակ տեղադրված նյարդային վերջույթներից: Որոշ տեսակների բերանի շուրջն աճում են բեղիկներ կոչվող հատուկ շոշափուկներ, որոնց օգնությամբ ձկները հետազոտում են ծովի կամ գետի հատակը: Ձկների մեծամասնությունն ունի լավ զարգացած հոտառություն: Նրանք կարող են զգալ այլ կենդանիների հոտերը, հոտառությամբ գտնել որսը կամ զգուշանալ, քանի որ վիրավորվելիս ձկան մաշկն արտազատում է վտանգի մասին ահազանգող հատուկ հոտով նյութ: 
 
Ձկների սնունդը
 
Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են տարբեր կերերով՝ ջրային բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝ երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա մեջ ապրող օրգանիզմները: Այդպիսի ձկներին անվանում են դետրիտակերներ:
Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը) հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են սնվում, քանի որ մի քանի ամիսը 
մեկ անգամ է հաջողվում որս անել:
 
Ձկնամթերք
 
Ձկնամթերքը սննդային արժեքով չի զիջում մսեղենին և առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում: 
Սննդում օգտագործվող ձկների 20%-ը քաղցրահամ ջրերի, 80%-ը ծովաձկներ են: Ոչ յուղոտ (մոտ 2% ճարպ) ձկներից են ձողաձկները, փրփրուկը, շիղաձուկը, գետի պերկեսը և այլն: Միջին յուղայնություն (2–5% ճարպ) ունեն հարինգները, ծածանը, իշխանը, վոբլան, լոքոն և այլն: Յուղոտ (5–20% ճարպ) են թառափազգիները, սիգը, կետան, սապատաձուկը, ստավրիդան և այլն: Շատ յուղոտ (20%-ից ավելի ճարպ) են խոշոր սայրան, օձաձուկը, խամսան և այլն: Ձկան յուղը հարուստ է վիտամիններով՝ հատկապես A և D, իսկ ձկնամթերքը՝ հանքային նյութերով (ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, նատրիում, յոդ, կալիում, ցինկ):
 
Ձուկը լավորակ է, եթե ծածկված է թափանցիկ լորձով, ամուր կպած թեփուկներով, ունի վառ կարմիր խռիկներ և դուրս պրծած աչքեր, մկանային հյուսվածքն ամուր կպած է փշերին և դժվար է անջատվում:
Ձուկն օգտագործում են նաև մշակած՝ աղ դրած, ապխտած, ծխահարած և այլն: Աղ դրած ձուկը կորցնում է սպիտակուցների, հանքային նյութերի և ջրալույծ վիտամինների որոշ մասը:
ՀՀ ջրերում տարածված  ձկներից են իշխանը, կարմրախայտը, սիգը, բեղլուն և կողակը:
Կողակը ծածանաձկների ընտանիքի ձուկ է`   միջին չափի, մարմնի երկարությունը 35–40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը`   մինչև 2 կգ: Դնչի ստորին մասի անկյուններում կան 1 զույգ կարճ բեղիկներ: Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով, որի օգնությամբ ձուկը սնունդը քերում է ստորջրյա առարկաներից: 
Գետերում սեռահասուն է դառնում 3–4, Սևանա լճում՝ 6–7 տարեկանում և ավելի ուշ: Բազմանում է ապրիլ–օգոստոսին՝ ջրի 14օC-ից բարձր ջերմաստիճանում: Ձվադրում է տարվա ընթացքում 2–3 անգամ, դնում մինչև 10–75 հզ. դեղնագույն 1,3–1,5 մմ տրամագծով ձկնկիթ:
 
Բեղմնավորված ձկնկիթի զարգացումը տևում է 6–7 օր: Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով, բազմացման շրջանում՝ նաև մեծաթիվ վտառներով: Վարում է մերձհատակային կենսաձև: Բուսակեր է: Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով:
Ներկայումս կողակի պաշարները հանրապետությունում զգալի նվազել են, ուստի այն պաշտպանության և վերարտադրության կարիք ունի: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: