Հանրագիտարան

Ճարտարապետություն

Ճարտարապետությունը մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայրը ձևավորող տարածական կառուցվածքների համակարգն է, դրանք ստեղծելու արվեստը:

Ճարտարապետությունն արտադրության (արդյունաբերական ճարտարապետություն՝ գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների շենքեր) և հասարակության կենսապայմանների (քաղաքացիական ճարտարապետություն՝ բնակելի տներ, հասարակական շենքեր) անհրաժեշտ մասն է: Ճարտարապետության գործառնական, կառուցվածքային ու գեղագիտական հատկանիշները (օգտակարություն, ամրություն, գեղեցկություն) փոխկապակցված են: Քաղաքների և գյուղերի կազմավորումն ու տարաբնակեցման ողջ համակարգը կարգավորում է քաղաքաշինությունը, որը ճարտարապետության անբաժանելի մասն է: Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են: Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը: 

Ճարտարապետական հնագույն կառույցներ՝ կացարաններ և արհեստական բնակատեղիներ, ստեղծվել են նախնադարում: Մեգալիթյան կառույցները (մեծածավալ քարերով կերտված պաշտամունքային կառույցներ՝ մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ) քարերի ուղղաձիգ և հորիզոնական համադրություններն են (Ստոունհենջի կրոմլեխը՝ Մեծ Բրիտանիայում):
 
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:
 
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա: Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար): 
 
Հայկական ճարտարապետության հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդավանքը, Հաղպատը, Սանահինը, Նորավանքն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: 
 
Պետականության բացակայության պայմաններում, նաև ճակատագրի բերումով, հայ ժողովուրդը սփռվել է աշխարհով մեկ, հայոց շինարվեստի ավանդույթները տարածելով նաև գաղթավայրերում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: