Հանրագիտարան

Ընձուղտ

Ընձուղտը (լատիներեն՝ Giraffa camelopardalis), զույգսմբակավորների կարգի ընձուղտանմանների ընտանիքի կաթնասուն: Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին: Իրեն բարեկամ օկապիից («անտառային ընձուղտ») տարբերվելու համար երբեմն անվանվում է տափաստանային ընձուղտ:

 

Նկարագիրը
 
Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը`   900 կգ: Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում: Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները ինչպես համարյա բոլոր կաթնասունները ունեն 7 պարանոցային ողեր: Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է: Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է քան մարդու մոտ:
Ընձուղտի մորթու նկարը կազմված է մուգ բծերից, որոնք առանձնանում են մարմնի բաց գույնից. յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է ինչպես մարդկանց մատնահետքերը: Ընձուղտի մարմնի ստորին մասը ավելի բաց է և առանց բծերի: Ընձուղտների գլխի վրա կան երկու մորթով ծածկված եղջյուրիկներ: Երբեմն հանդիպում են եղջյուրիկների երկու զույգ: Սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով, ականջները կարճ են: Ունեն լավ տեսողություն, լսողություն և հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը: Լավ տեսողությանը նպաստում է նաև բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից:
 
Ընձուղտները կարող են արագ վազել, և անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն: Սակայն հիմնականում նրանք տեղաշարժվում են դանդաղ`   սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքը, հետո`   երկու ձախը: Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով: Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են: Չնայած այս ամենին ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրությամբ պատնեշները:
 
Տարածվածություն
 
Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում: Ներկայումս նրանց կարելի է հանդիպել միայն Սահարայի հարավում և հարավ-արևմուտքոմ`   առաջին հերթին Արևելյան և Հարավային Աֆրիկայի տափաստաններում: Սահարայից հյուսիս բոլոր պոպուլյացիաները բնաջնջվել են մարդու կողմից դեռ հնում. Հին Եգիպտոսում ընձուղտները ապրել են Նեղոսի դելտայում և Միջերկրական ծովի ափերին: 20-րդ դարում ընձուղտների արեալը կրկին կրճատվել է: Ընձուղտների համեմատաբար մեծ պոպուլյացիաները ապրում են արգելաբնոցներում և ռեզերվացիաներում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: