Հանրագիտարան

Լևոն Բ

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը`   պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185թ.`   Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187թ. փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր:

Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ. Սոփիա մայր տաճարում: 

Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203թ. գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը: 1219թ., երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (հայոց թագուհի՝ 1222–52թթ.):
 
Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): 
 
Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր:
 
Լևոն Բ-ի մարմինն ամփոփվել է Սիսում, իսկ սիրտն՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: