Հանրագիտարան

Իրավագիտություն

Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռում բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:

Իրավունքի ձևավորմամբ է պայմանավորված նաև իրավագիտության առաջացումը, որն ուսումնասիրում է հասարակության իրավական վերնաշենքը: Դեռևս I–III դարերում Հռոմում իրավական գիտելիքներն ի մի են բերվել և համակարգվել, ծավալվել է դասական իրավագետների գործունեությունը: Իրավագիտությունը հատկապես զարգացել է բուրժուական հասարակարգում. ստեղծվել են իրավագիտության բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ:

Իրավագիտության ընդհանուր համակարգի մեջ մտնում են ընդհանուր-տեսական գիտություններ (իրավունքի տեսություն և պատմություն, քաղաքական ուսմունքների պատմություն), ճյուղային գիտություններ (պետական, քրեական, քաղաքացիական, աշխատանքային իրավունք և այլն), միջճյուղային գիտություններ (դատախազական հսկողություն, դատարանի և դատախազության կազմակերպում, բնակարանային իրավունք և այլն), կիրառական գիտություններ (քրեագիտություն, դատական բժշկագիտություն և այլն): Իրավական գիտությունների համակարգում հատուկ տեղ ունի միջազգային իրավունքը:
 
Հայաստանում իրավական նորմերի, հասարակական ու քաղաքական հարաբերությունների մասին ուսմունքն  առաջացել է հայ դպրության ստեղծման հետ: Վաղ ավատատիրության շրջանում հայ պատմիչներն ու իմաստասերները (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, [Փավստոս Բուզանդ]], Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ և ուրիշներ) մեկնաբանել են իրավական նորմերը, անդրադարձել կամքի ազատության, հանցագործության պատճառների, կառավարման ձևի, իրավունքի հարցերին: 
 
Հայ իրավագիտական մտքի զարգացման մակարդակն ու էությունը բնորոշում է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (XII դար), որտեղ մեկնաբանվել են Մովսիսական օրենքները, արտահայտվել առաջադեմ մտքեր պետականության, համապետական օրենքի նշանակության, իրավագիտության, օրինականության պահպանման, կամքի ազատության, պատժի կիրառման նպատակի ու ձևերի, արդարամտության հարցերի մասին:
 
Հայ իրավագիտության հետևողական զարգացումն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում, շարունակվել խորհրդային տարիներին: XX դարի 20–30-ական թվականներին մշակվել են օրենքների նախագծեր, սահմանվել իրավունքի նորմեր: Այս շրջանում հայ իրավագետներն ուսումնասիրել են նաև հին հայկական պետության և իրավունքի հարցեր, հրատարակել Դավիթ Ալավկա որդու կանոնները, «Կանոնագիրք Հայոցը», Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերը և այլն: 
 
Հայ իրավաբաններն առանձին աշխատություններ են նվիրել Հայաստանի պետության և իրավունքի պատմությանը, սահմանադրություններին, իրավունքի տարբեր ճյուղերին, հեղինակել են բուհական ու դպրոցական իրավագիտական դասագրքեր: Նրանք գործուն մասնակցություն ունեն ՀՀ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը: ՀՀ իրավագիտական կենտրոն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտը:
 
Իրավագետ մասնագետներ են պատրաստում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Հայաստանի մի շարք այլ բուհերում: Վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում ներառվել է նաև «Իրավագիտություն» առարկան («Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» և այլն):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: