Հանրագիտարան

Մոլորակներ

Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները:

Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր:

Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուռնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:
 
Մոլորակների ուղեծրերը
 
Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս: Երբ մոլորակը շարժվում է էլիպսաձև ուղեծրով, նրանից մինչև Արեգակը եղած հեռավորությունն անընդհատ փոխվում է: Մոլորակների մեծ մասի համար այդ փոփոխություններն աննշան են, միայն Պլուտոնից մինչև Արեգակ եղած հեռավորությունն է փոփոխվում էականորեն՝ 30–50 աստղագիտական միավոր (դա Երկրից մինչև Արեգակ եղած միջին հեռավորությունն է`   1,5.108 կմ): Չնայած ժամանակի մեծ մասը Պլուտոնն Արեգակից ավելի հեռու է գտնվում, քան Նեպտունը, Պլուտոնի ուղեծրի ոչ մեծ մի հատված անցնում է Նեպտունի ուղեծրի ներսով:
 
Բացառությամբ Պլուտոնի՝ մյուս մոլորակների ուղեծրերը գտնվում են մոտավորապես նույն հարթության վրա, այնպես որ Արեգակնային համակարգը նման է հարթ սկավառակի: Պլուտոնի ուղեծիրը թեքված է 170-ով, և երբ այդ մոլորակը հատում է Նեպտունի ուղեծիրը, նրա ուղին անցնում է Նեպտունի վերևով, բայց այդ երկու մոլորակները չեն բախվում իրար: Տիեզերական ձգողության ուժն այնպես է գործում, որ որքան մոլորակը հեռու է Արեգակից, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորակն Արեգակի շուրջը լրիվ պտույտ կատարի: Երկիրն այդ պտույտը կատարում է 1 տարում, Մերկուրին՝ 88 օրում, իսկ Պլուտոնը՝ 248 տարում: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա: Մոլորակների չափերի հետ համեմատած՝ նրանց միջև եղած հեռավորությունները հսկայական են: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: