Առողջապահություն

Ծերությունը և դեղերը

Իմ տարիները
Մ. Գորկու վեպի հերոսը դիմում է հեղափոխական ոգով տոգորված մորը. «Ի՞նչ կարող ես անել, մայր, ախր դու ծեր ես: Արդեն 40 տարեկան ես»: Երբեմն մենք բալզակյան տարիքի կին ենք անվանում բավական տարեց կանանց`   մոռանալով, որ Բալզակի համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունը կոչվում է ոչ ավել, ոչ պակաս`   «Երեսնամյա կինը»:
Ժամանակները փոխվել են: Այսօր ոչ ոքի մտքով չի անցնի «պառավ» համարել հիսունին հասած կնոջը, ուր մնաց թե փթթող երեսնամյա կանանց:

Ծերացում և ծերություն

Չտրվելով «ծերություն» և «ծերացում» հասկացություների պարզաբանման պատմությանը`   հիշատակենք, որ ժամանակակից գիտությունը դրանց մեջ տարբերություն է դնում: Ծերացումը մի շարք բազմաբջիջ օրգանիզմների, այդ թվում`   մարդկանց, բջիջների վնասման ու ոչնչացման գործընթացն է, որը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության խախտմանը և տանում դեպի մահ: Ծերացումը առաջանում է բջիջների կիսման, աճի և դիֆերենցման պրոցեսների հետզհետե մարման հետևանքով: Ծերությունը ծերացման արդյունք է, այլ կերպ ասած`   ծերությունը ծերացման ենթարկված օրգանիզմի վիճակն է: Օրգանիզմի վաղ ծերացումը կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ: Այն երեխաները, որոնց օրգանիզմում խախտված է գենետիկ «ժամացույցային մեխանիզմը», սկսում են ծերանալ 7-12 տարեկանում: Էական դեր են խաղում ներզատիչ գեղձերի գործունեության խախտումները:
 
Այսօր տնտեսապես զարգացած երկրներում կյանքի տեվողությունը 70 տարուց ավելի է: Մեր մոլորակի վրա դեռ այնպիսի վայրեր կան, ուր մարդիկ միջին հաշվով ապրում են 40-50 տարի:
 
Բալզակյան շրջանի նեանդերտալուհիները
 
Նախապատմական ժամանակներում մեր նախնիները հիմնականում մահանում էին երիտասարդ հասակում և մեր պատկերացումները բնությունը վայելող նախնադարյան երկարակյաց մարդու մասին, մեղմ ասած, խիստ չափազանցված են: Փաստերը, որոնց մասին վկայում են մինչև մեր օրերը պահպանված նեանդերտալցիների կմախքները, ապացուցում են, որ 20 հոգուց 8-ը մահանում էին 14 տարեկանում, 3-ը`   15-20 տարեկանում, 8-ը`   21-40, և միայն մեկին էր հաջողվում հաղթահարել 41-ի սահմանը:
 
Փաստորեն քարե դարում ապրող մարդիկ մեռնում էին`   այդպես էլ չհասնելով ծերության (այդ ժամանակաշրջանից մնացած 173 գանգերից միայն 3-ն էին 50-ն անց): Ընդհանրապես, մինչև հոդաբաշխ խոսքին տիրապետելը նախնադարյան մարդկանց միությունները շահագրգռված չէին պահպանելու ավագ ցեղակիցներին, ուստի և հոգ չէին տանում նրանց մասին: Եթե 18-ամյա նախամարդն արդեն սերունդ էր լույս աշխարհ բերում, ուրեմն 37 տարեկանում տոհմակիցներն այլևս նրա կարիքը չունեին, քանի որ նրա երեխաներն այդ ընթացքում արդեն ինքնուրույն էին: Խոսքի զարգացմանը համընթաց մարդիկ սկսեցին հասկանալ, որ ֆիզիկապես տկարացած, որսին կամ կռվին արդեն անընդունակ տարեց մարդը նույնպես կարող է օգտակար լինել: Սկսեցին հոգալ ծերունիների կարիքները՝ նրանց համարելով համայնքին պիտանի անդամներ:
 
Ծերաբանության որոշ մասնագետների կարծիքով մարդու կյանքի ամենահավանական սահմանը պետք է համարել 116-130 տարին:
 
Սահմանազանց երկարակյացները
 
Այսօր տնտեսապես զարգացած երկրներում կյանքի միջին տևողությունը 70 տարուց ավելի է: Միաժամանակ մեր մոլորակի վրա կան վայրեր, որտեղ մարդիկ միջին հաշվով ապրում են 40-50 տարի:
 
Երկարակեցության խնդիրը հավասարապես հուզում է և' գիտնականներին, և' սովորական մարդկանց: Որքան երկար կարող է մարդն ապրել: Գրականության մեջ հանդիպում են ճապոնական ընտանիքի մասին հիշատակումներ, որի գլխավորը 242 տարեկան էր, նրա կինը`   221, որդին`   201, հարսը՝ 193, թոռը`   153, թոռան կինը`   138 տարեկան: Ինչ վերաբերվում է եվրոպացիներին, ասում են, իբր անգլիացի Ֆ. Կարնը ապրել է 12 թագավորների օրոք և մահացել 207 տարեկան հասակում:
 
Տարբեր ժամանակներում «սահմանազանց երկարակեցության» տարբեր օրինակներ են բերվել, երբ լեռնցիները ապրել են 150-180 տարի: Դժվար է դատել որքանով էին նրանց տարիքները ստույգ որոշված: Պարզվել է, որ շատ դեպքերում նրանք իրենց իսկական տարիքը չեն հայտնել: Գոյություն ունի մի տերմին`   «ծերունական կոկետություն»: Երբեմն «ծերուկներն» իրենց տարիքը մտածածին մի քիչ շատ են ասում:
 
Նմանատիպ դեպքերին հավանական բացատրություն կա: Օրինակ. Ալթայի մի բնակիչ անձնագրով 208 տարեկան էր (ծնվ. 1755 թ.), բայց մանրակրկիտ ստուգումները պարզեցին, որ նա ընդամենը 97 է: Ալթայցիներին անձնագիր տալուց ամրագրել էին այն տարիքը, որը կամայականորեն հայտնել էր անձնագիր ստացողը: Հնարավոր է նաև մարդահամարով ու փաստաթղթերով զբաղվողները տեղացիների բարբառը լավ չեն իմացել: Տեղին է հիշել «Սիրո բանաձևը» ֆիլմի դոկտորին, որի դերակատար Լեոնիդ Բրոնևոյն ասում էր. «Մեր գավառում մի սուտլիկ գրագիր կար: Թանաք էր խնայում: Մեկին գրում էր Քրիստոսի ծննդից հաշված 1 տարեկան, մեկին`   2, մյուսին`   3: Այնպես որ բավական շատ երկարակյացներ կան մեր կողմերում»:
 
P.S. 
Ինչպես հայտնի է, մշտական սթրեսները, չկարգավորված սնունդը, ալկոհոլի չարաշահումը կարող են զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Սակայն նույն հաջողությամբ ճիշտ ապրելակերպով կարելի է նաև երկարացնել կյանքի տևողությունը, կամ, ծայրահեղ դեպքում, ջանալ ապրել «սահմանվածը»:
 
Կենսունակության աստիճանը
 
Ճշմարիտ տարիքը որոշվում է ոչ թե ծնված պահից, այլ կենսունակությունն արտացոլող ցուցանիշով: Մարդն իր տարիքի համեմատ կարող է ավելի երիտասարդ կամ ծեր երևալ: Ուստի ծերացման հետևանքով առաջացած մահը վրա է հասնում տարբեր ժամանակագրական հասակներում: Նման տարբերությունները հիմնականում բացատրվում են գենետիկ առանձնահատկություններով: Շրջապատող միջավայրը նույնպես կարող է որոշակի ազդեցություն գործել կյանքի տևողության վրա: Չնայած գենետիկական գործոնների դերը խիստ կարևոր է, այնուամենայնիվ երկարակեցության ժառանգական ներուժը դրսևորվում է միայն միջավայրի որոշակի պայմաններում: Օրինակ կարող են ծառայել կենսաբանական տարիքի (ԿՏ) վերաբերյալ կատարված բազմաթիվ հետազոտությունները: Մարդու կենսունակությունը, երբեմն իր ողջ բարդությամբ հանդերձ, կախված է ԿՏ-ից, որին անվանում են օրգանիզմի ծերացման մոդել: Եթե օրացուցային (անձնագրային) տարիքը (ՕՏ) արտահայտվում է օրացուցային սանդղակով, այսինքն`   չափվում է Արևի շուրջը Երկրի պտույտների քանակով, ապա ԿՏ արտահայտվում է ժամանակի կենսաբանական չափումներով: Ի տարբերություն օրացուցայինի`   ԿՏ ռեալ կարող է ցույց տալ առողջության խանգարումները, նաև վկայել վաղաժամ ծերացման մասին: Օրինակ`   վնասակար պայմաններում աշխատող կամ էկոլոգիապես անբարենպաստ տեղանքում ապրող մարդկանց ԿՏ ավելի բարձր է, քան «բարենպաստ» պայմաններում ապրող ու աշխատող բնակչությանը:
 
Ի դեպ, անկախ ամեն բանից, կարելի է ապրել մինչև խոր ծերություն, այդպես էլ չըմբոշխնելով գարնան ծաղկունքի բույրը, բայց և կարելի է որսալ կյանքի յուրաքանչյուր ակնթարթը և այն ընդունել որպես մեծագույն պարգև: Իսկ նրանց, ովքեր շատ են մտահոգ անցնող տարիների և երիտասարդության համար, խորհուրդ ենք տալիս հիշել հանրահռչակ Կոկո Շանելի խոսքերը. «Տարիքն էական չէ, հմայքը երբեք չի ծերանում»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: