Առողջապահություն

Ծերությունը Հայաստանում. տարեցների փոփոխվող դերը հայ ընտանիքում (մաս 1-ին)

Տնտեսական և քաղաքական խնդիրները, ինչպիսիք են, օրինակ՝ Խորհրդային Միության փլուզումը, 80-ականների վերջի ավերիչ երկրաշարժը, 90-ականների սկզբին հարևան Ադրբեջանի հետ պատերազմը, Հայաստանում շատերի համար հանգեցրին ծանր սոցիալական վիճակի:

Կյանքն այս երկրում լի է դժվարություններով հատկապես տարեց մարդկանց համար, որոնք կազմում են բնակչության 16 տոկոսը: Չափազանց ցածր կենսաթոշակներով, առողջապահական ծառայությունների բարձր գներով և սակավաթիվ հոգեկան առողջության հիվանդանոցներով պայմանավորված՝ շատ մեծահասակներ ստիպված են յոլա գնալ առանց պատշաճ խնամքի:

Սոցիալական աշխատողների, պետական պաշտոնյաների և հենց տարեցներից ոմանց խոսքով՝ փոփոխությունները գալիս են, թեև դանդաղ քայլերով: Սկսած վերջերս իրականացված կենսաթոշակային դաշտի բարեփոխումներից և կառավարության նոր ծրագրերից մինչև տարեցների խնդիրների մասին իրազեկման բարձրացում՝ այս հոդվածաշարը նպատակ ունի ցույց տալու, թե ի´նչ է նշանակում Հայաստանում ծերանալը …
 
 
Երևանում մի բարձրահարկ բետոնե շենքի 9-րդ հարկում բնակվող 65-ամյա Ռոզա Աթոյանը բացում է դուռը ու ինձ ներս հրավիրում իր լուսավոր և անթերի մաքրությամբ փայլող երեքսենյականոց բնակարան, որտեղ նա ապրում է իր ընտանիքի յոթ անդամների հետ:
 
«Աղջիկս էստեղ է քնում երեխայի հետ»,- ասում է նա՝ ցույց տալով փոքրիկ ննջարանը: Նա բարձրացրեց ծածկոցը, որի տակից ցցված էին ներքնակի մետաղե զսպանակները:
Երկրորդ ննջարանը տիկին Ռոզայի ավագ որդունն ու կնոջն է: Ուղեկցելով ինձ դեպի հյուրասենյակ՝ ասաց. «Ես էլ էստեղ եմ քնում», ձեռքը դնելով կարմիր ու շագանակագույն գորգով ծածկված բազմոցի վրա: Նեղլիկ խոհանոցով անցնելով՝ նա ինձ ուղեկցեց դեպի խորդանոց, որի պատին հենված էին երեք ծալովի մահճակալներ: «Ամուսինս երկու թոռներիս հետ սրանց վրա են քնում»,- ասաց նա:
 
Տիկին Ռոզայի ավագ որդին աշխատում է Ղազախստանում՝ խորովածի գործ է անում, իսկ ընտանիքն իր առօրյա ծախսերը հազիվ հոգում է կենսաթոշակով ու հաշմանդամության նպաստով: Ութ հոգանոց ընտանիքը, որտեղ ամենակրտսերը 11 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 74, ամսական ունի մոտավոր հաշվարկով 125.000 դրամ (305 դոլար): Որդու ուղարկածից ստիպված լինելով վճարել թոռներից մեկի համակարգչային քոլեջի, մյուսի բժշկական համալսարանի ուսման վարձերը՝ արդեն բավական ժամանակ է`   նրանց ֆինանսական վիճակը ծանր է:
 
Տիկին Ռոզայի նման տարեց մարդիկ, որոնք միասին ապրում են մեծ ընտանիքներով, որոնք սերունդների և տարամիտվող կյանքի նպատակների էկլեկտիկ մի խառնուրդ են, բնորոշ են Հայաստանին: Ընտանիքները ստիպված են համատեղ ապրել՝ ծախսերը նվազեցնելու նպատակով: Չնայած վերջին տարիների միտումը փոքր ընտանիքներն են, իսկ տան մեծերը կա´մ ապրում են առանձին, կա´մ սակավաթիվ ծերանոցներից մեկում, Հայաստանի տնտեսական անկումն իր բացասական ազդեցությունն ունի ընտանիքների և հատկապես տարեցների ապրելակերպի վրա:
 
50-ից բարձր մարդկանց 73 տոկոսը գոյատևում է նվազագույն սպառողական զամբյուղով նախատեսված 42.000 դրամով (103 դոլար). սա է համարվում կենսապահովման նվազագույն գումարը`   ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի շրջանակներում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից 2008 թ. իրականացված տարեցների մասին ուսումնասիրության արդյունքների: Կյանքի տևողության ավելացումը և երիտասարդների արտագաղթը նույնպես նշանակում են, որ այս ծերացող հասարակությունում խնդիրներն արագ չեն հաղթահարվի:
 
Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ մինչև 2024 թ. Հայաստանի 60-ն անց բնակչության թիվը կհասնի 21 տոկոսի: «Մենք հասկանում ենք, որ տարեցները հասարակության համար հարստություն են իրենց կուտակած փորձով և գիտելիքներով»,- ասում է նա՝ անդրադառնալով ծերացող հասարակության հնարավոր հետևանքների մասին աճող մտահոգություններին, քանի որ տարեցների թվի աճն արդեն իսկ բեռ է թե´ կենսաթոշակային և թե´ առողջապահության համակարգերի համար: - Բայց հասարակությունը պարտավոր է պատշաճ կյանք ապահովել [ծերերի համար]»:
 
Երիտասարդների արտագաղթն ավելի է սրում խնդիրը: Թեև արտերկրից հաճախ ֆինանսապես օգնում են ընտանիքի մեծերին, միևնույն է, աստիճանաբար աճում է այն տարեցների թիվը, որոնք ստիպված են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները:
 
Ըստ Հայրապետյանի՝ երբ տարիներ շարունակ հարազատների միջև շփման միակ միջոցը դառնում են սկայպով հեռախոսազանգերը, ընտանեկան կապերը գնալով թուլանում են: «Սա հանգեցնում է նրան, որ նոր սերունդն այլևս այդ աստիճան չի կարևորում ընտանիքը»,- ասում է նա: Իսկ մի երկրում, որտեղ գրեթե իսպառ բացակայում են կենսաթոշակառուների տները և խնամքի կենտրոնները, ծերերից շատերը այլևս նեցուկ չեն ունենում:
 
Բազմասերունդ ընտանիքների համար Հայաստանում համատեղ ապրելն այս դեպքում դառնում է գոյատևման միակ գործող տարբերակը: «Բազմասերունդ ընտանիքները միասին են ապրում, որովհետև այլ ելք չունեն»,- ասում է Հայրապետյանը՝ հավելելով, որ երեք, իսկ երբեմն էլ չորս սերունդ է ապրում նույն հարկի տակ:
 
Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Մխիթար Գաբրիելյանի խոսքով՝ բազմասերունդ ընտանիքները նոր չեն, որ կան Հայաստանում: Դեռևս ուրբանիզացիայից առաջ՝ 50-60-ականներին, երբ մարդիկ աստիճանաբար տեղափոխվում էին քաղաք՝ աշխատելու կամ սովորելու, միասին ապրող մեծերից ու երիտասարդներից բաղկացած ընտանիքները գերիշխող մոդել էին Հայաստանում:
 
«Ծերերի դերի փոփոխությունները սկսվեցին խորհրդային 70-80-ական տարիներին, երբ ընտանիքի մոդելը փոխվեց,- ասում է Գաբրիելյանը: - Տնտեսական կայունությունը և բնակարանների մատչելիությունը քաղաքներում աստիճանաբար հանգեցրեցին ընտանիքների տրոհմանը ավելի փոքր բջիջների: Բայց երկրի պատմության ընթացքում սոցիալ-տնտեսական գործոնները ժամանակ առ ժամանակ «հետ ու առաջ» են արել այս միտումը»:
 
«Ամենամեծ ձևափոխությունը սկսվեց հետխորհրդային տարիներին՝ 90-ականներին, սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով,- ասում է Գաբրիելյանը: - Ընտանիքները պետք է միավորվեին, որպեսզի կարողանային հաղթահարել դժվարությունները: Հատկապես ձմռան ընթացքում, վառելիքի գների պատճառով ավելի նպատակահարմար էր նույն տանիքի տակ ապրել»:
 
Երբ վիճակը վերջապես կայունացավ Հայաստանի՝ խորհրդայինից դեպի անկախ պետություն փոթորկալի անցումից հետո, ընտանիքները շարունակեցին ընդհատված էվոլյուցիան դեպի երկսերունդ ընտանիքների մոդելը: Նոր տեխնոլոգիաները, օրինակ՝ ինտերնետը, Արևմտյան Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի ազդեցությունն էլ ավելի խթանեցին արժեհամակարգի փոփոխությունները: «Երիտասարդներն ավելի լիբերալ են դառնում իրենց հայացքներում և ավելի համարձակ ու նախաձեռնող: Նրանք ձգտում են գնալ արտերկիր և ավելի անկախ կյանք վարել»,- ասում է Գաբրիելյանը:
 
Սակայն ներկայիս տնտեսական անկման հետևանքով նրանք նորից վերադառնում են բազմասերունդ ընտանիքի մոդելին: Միևնույն հարկի տակ ապրելը, այդուհանդերձ, այնքան դժվար չէ, որքան կարող է թվալ: Ըստ 2008 թ. ԱՎԾ ուսումնասիրության՝ տարեցները ընտանիքում մեծ ներդրում ունեն՝ հոգ տանելով ընտանիքի հիվանդ կամ հաշմանդամ անդամի մասին, կատարելով միապաղաղ և ժամանակատար տնային աշխատանք, ինչպես նաև խնամելով երեխաներին՝ այդ կերպ թեթևացնելով ընտանիքի ֆինանսական բեռը:
 
Չնայած սոցիալական դժվարություններին՝ տիկին Ռոզայի ընտանիքն ասում է՝ ուրախ է, որ միասին են ապրում: Տիկին Ռոզան դստեր և երեք թոռների հետ ժանյակազարդ սփռոցով ծածկված սեղանի վրա արագ-արագ շարեցին շոկոլադով տորթ, ձմերուկ և անուշաբույր սուրճ՝ հյուրասիրելու լրագրողին (ինձ): «Ինձ համար հաճելի է ընտանիքիս հետ ապրելը, դա ավանդույթ է,- ասաց նա ու լայն տարածեց ձեռքերը՝ ասես օդը գրկելով: - Եթե անգամ առանձին տուն էլ ունենայինք, միևնույն է՝ կնախընտրեի ընտանիքիս հետ ապրել»:
 
Թեև տիկին Ռոզան կցանկանար, որ բնակարանն ավելի ընդարձակ լիներ՝ ավելի շատ սենյակներով և յուրաքանչյուրն իր անձնական տարածքով, այդուհանդերձ, նրա կարծիքով, ավանդական ընտանիքը, անկասկած, ամենահաջող մոդելն է: Որպես 74-ամյա ամուսնուց հետո ընտանիքի երկրորդ անձ՝ տիկին Ռոզայի դերն առանցքային է: «Ես հա´մ մաքրությունն եմ անում, հա´մ առևտուրը, հա´մ էլ ճաշն եմ եփում»,- ասում է նա: Եվ երբ գործը հասնում է հավելյալ ծախսերը հոգալու համար թանկարժեք իր վաճառելուն, դա էլ է նրա պատասխանատվությունը:
 
Ինչպես ավանդական հայ ընտանիքներում, այստեղ ևս տիկին Ռոզայի ամուսինն ընտանիքի ինքնանշանակ գլուխն է: Այն հարցին, թե ինչո´վ է ամուսինը զբաղվում, կինը ծիծաղելով պատասխանում է. «Ամբողջ օրը հեռուստացույցի առաջ նստած ա: Հայ տղամարդու գործի անունն էդ ա»:
 
Շարունակելի
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: