Առողջապահություն

Կանանց միջին տարիքի ճգնաժամը

Ի՞նչ նշաններով կարելի է հասկանալ`   ճգնաժամ է, թե ոչ, երբ մտածում եք, որ ծերանում եք, երիտասարդությունն անցավ, տարիներն իրենցն անում են, երբ այլևս ոչինչ չեք ուզում, ամեն ինչ նյարդայնացնում է, սարսափում եք ապագայի մասին մտածելուց: Առողջության, անձնագրային տարիքի կամ «դուք գիտեք`   կյանքի կեսն ապրել եմ, ես այլևս երբեք չեմ կարող անել այս կամ այն», «միշտ էլ կգտնվի ինձնից երիտասարդն ու գեղեցիկը» մտքեր ու արտահայտություններ: Ծանո՞թ են:

Ինչո՞ւ են նման մտքեր առաջանում, ու ինչի՞ց է նման վիճակ ստեղծվում:

 
Ինքներդ էլ գիտեք պատասխանը. տարիքը, հորմոնալ փոփոխությունները, ձեր ընտանեկան ու սոցիալական վիճակը, ահա անձնական ճգնաժամի իսկական «սադրիչները»:
 
Տարիք
 
Արդարացիորեն նկատել են, որ եթե տղամարդկանց տարիքային ճգնաժամը սկսվում է աշխատանքից, ապա կանանց  դեպքում`   արտաքինից:
 
Ինչ-որ ժամանակից հետո դեմքի քսուք գնելու համար հարկ կլինի հիշել անձնագրային տարիքը, քանի որ քսուքներ կան, որոնց վրա նշվում է`   «35 տարեկան կանանց համար» կամ «40-ից բարձր»: Սովորաբար կանայք ահավոր սարսափում են ապագան պատկերացնելուց կամ էլ փորձում են բոլոր փոփոխություններն անխուսափելի չարիքի պես ընդունել: Չէ՞ որ ԶԼՄ-ներում հաճախ ես հանդիպում`   «20-ից հետո մաշկը թոշնում է» կամ էլ նմանատիպ հաճախ հնչող արտահայտություններ: Սակայն ոչ մի կոսմետիկ միջոց ու պլաստիկ վիրահատություն չի կարող վերադարձնել աչքերի փայլը, մարմնի ճկունությունը, հոգու համարձակությունը և շարժումը: Մարած ու խամրած հայացքն անձնագրից ավելի խոսուն է:
 
Ինչ անել
 
Առաջին հերթին նկատված բոլոր փոփոխությունները մի վերագրեք տարիքին, փորձեք դրանց տրամաբանական բացատրություններ գտնել, ասենք`   կյանքի բարդ ռիթմ, էկոլոգիա, լարված աշխատանք: Երկրորդ`   փորձեք պահպանել հոգեկան առողջությունը, այսինքն`   փորձեք ակտիվ զգալ ինքներդ ձեզ , ինչ-որ բանով տարվեք ու հետաքրքրվեք: Դրական ներքին տրամադրվածությունը դրական էլ ազդեցություն է ունենում արտաքին կերպարանքի վրա: Լավ տեսք ունենալ կարելի է բոլոր տարիքներում:
 
Հորմոնալ փոփոխություններ
 
Բոլորը թերևս գիտեն, որ 40-ի մոտ կնոջ օրգանիզմում կենսական պրոցեսները դանդաղում են, մկանային զանգվածը`   նվազում, իսկ ճարպի քանակը`   ավելանում, եթե անգամ երբեք գիրանալու հակում չեք ունեցել:
 
Կանայք սկսում են գիրանալ և ընդամենը մի քանի տարում կարող են ավելանալ նույնիսկ երկու չափսով:
 
Մինչդեռ ՀԱԿ-ի տվյալներով`   ավելորդ քաշն ու սակավաշարժ կենսակերպը կրծքագեղձի, աղիքային, ձվարանների ու ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքների դեպքերի 1/3-ի պատճառն են համարվում: 40-ին մոտ կանայք պետք է հասկանան, որ պասիվ հանգիստը բազմոցին, ոչ էլ ակտիվ տնտեսական գործունեությունը`   ի բարօրություն ընտանիքի, չեն անի իր համար այն, ինչին կարելի է հասնել լողի ու մարզասրահ հաճախելով ու այլ մարզաձևերով զբաղվելով:
 
Ի՞նչ կարելի է անել
 
Պետք է կարգավորել ճարպային հավասարակշռությունը: Եթե երիտասարդ տարիներին ճարպը հիմնականում կուտակվում է ազդրերի շրջանում, ապա տարիքի հետ այն տեղակայվում է փորի շրջանում: Դա կարող է ձեզ գեղագիտական առումով չանհանգստացնել, սակայն պետք է առողջության տեսանկյունից մտահոգության առիթ դառնա, քանի որ ճարպը ոչ միայն մաշկի տակ է կուտակվում, այլև որովայնի շրջանի օրգաններն է պատում: Իսկ ներքին ճարպակալման պատճառով բարձրանում է արյան ճնշումը, առաջանում են սրտային հիվանդություններ, հնարավոր է`   շաքարախտ զարգանա, կամ այլ «տհաճություններ ու անհանգստություններ» ի հայտ գան: Ներքին ճարպը ոչնչացնելու համար առաջարկվում է պարբերաբար կարդիոպարապմունքներ կատարել: Այդ նպատակին կօգնեն հատուկ մարզիչները: Նույն նպատակով պետք է ամբողջությամբ վերանայվի ամենօրյա սննդակարգը, և առողջ սննդի սովորույթներ մշակվեն: Ցանկալի է, որ ինքներդ սթրեսը վերացնելու մի քանի հնարք սովորեք. չէ՞ որ ցանկացած սթրեսի ժամանակ (նույնիսկ սովորական անլիարժեք քնի դեպքում) օրգանիզմը «տագնապի» հորմոն`   կորտիզոլ է արտադրում, որին հետևում է ճարպային բջիջների ակտիվ բազմացումը:
 
Ընտանեկան իրավիճակը
 
Եթե կինը 30-ն անց էու դեռևս ամուսնացած չէ, երեխա չունի, ապա նրա համար գլխավորը դառնում է երեխա ունենալու հարցը, քանի որ կնոջ վերարտադրողական տարիքը շատ ավելի կարճատև է, քան տղամարդունը: Այդ մտահոգության ֆոնին էլ կարող է անկումնային տրամադրություն ու ճնշվածություն առաջանալ, իսկ 20-ամյա երիտասարդ կնոջ հետ համեմատվելն էլ լրիվ դեպրեսիայի մեջ կգցի ձեզ: Թվում է, թե կյանքը դատարկ է, ու ոչնչով չես կարող լցնել, այն ինչ ունես, այլևս չի բավարարում, իսկ նորն էլ չկա…
 
Իսկ ամուսնացած կանանց մոտ էլ ուրիշ խնդիր է առաջանում. երեխաները հասուն են, ու ժամանակն է, որ առանձնանան: Այդ դեպքում ամուսինները սկսում են անընդհատ կռվել, չէ՞ որ հիմա կարծես եկել է հին խնդիրները պարզաբանելու ժամանակը, որոնց մասին տարիներ շարունակ լռել են: Երբեմն թվում է, որ կողքիդ լրիվ անծանոթ մեկն է: Ի դեպ , դա խիստ վտանգավոր է ընտանիքի համար: Եթե կուտակված խնդիրները հարկ է լուծել, ինչը ցավոտ է ու տհաճ, ապա անհաջող «պարզաբանումներն» էլ կարող են հանգեցնել ամուսնալուծության:
 
Ի՞նչ անել
 
Ճգնաժամը հաճախ ուղեկցվում է անձի ու հարաբերությունների վերակառուցմամբ, դրանից չես փախչի, չես թաքնվի: Ազնվորեն ինքներդ ձեզ խոստովանեք`   ինչն է ձեզ ձեր հարաբերություններում բավարարում, ու ինչը`   ոչ: Պատմեք զուգընկերոջն այդ մասին: Փորձեք խոսել ու հասկացնել, որ այդ ամենը ձեզ համար շատ կարևոր է: Իսկ հետո ուշադրություն դարձրեք`   արդյոք ձեր ամուսինը փորձո՞ւմ է ինչ-որ բան փոխել: Որակյալ հարաբերությունների համար անհրաժեշտ է, որ ամուսինները համաձայնեն միմյանց հետ ոչ միայն խոսքով, այլև գործով:
 
Իսկ եթե ճգնաժամային տարիքում միայնակ եք, փորձեք հասկանալ`   ձեզ ընկեր պե՞տք է, թե՞ ոչ, ի՞նչ հարաբերություններ եք նախընտրում, ի՞նչ կարող եք անել, որ այդպիսի տղամարդու հանդիպեք:
 
Սոցիալական վիճակը
 
Ընդունված է կարծել, որ տղամարդու միջին տարիքի ճգնաժամը ինքնուրույնության ու նպատակների բացակայությունն է: Իսկ ժամանակակից 40-ամյա աշխատող կանանց մոտ այդ թեման նույնպես կարող է ճգնաժամի պատճառ դառնալ:«Ինչի՞ եմ հասել այս կյանքում, ի՞նչ է լինելու հետո» հարցերի պատասխանները միշտ չէ, որ բավարար կարելի է համարել: Իրավիճակը սրվում է, երբ 45-ից հետո դժվարանում ես գտնել լավ վարձատրվող աշխատանք: Փորձառու և ուսյալ կանայք ավելի նվազ եկամուտներ ունեն, քան երիտասարդներն ու տղամարդիկ: Դա չպահանջվածության ու անպետքության զգացում է ստեղծում, ինչը կարող է բացասական վերաբերմունք ձևավորել կյանքի նկատմամբ:
 
Ի՞նչ անել
 
Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր ձեռքբերումներին: Եթե հատուկ հաջողություններ չունեք, զբաղվեք ձեր սիրած գործով ու փորձեք ձեր ոլորտի լավագույն մասնագետ դառնալ: Առժամանակ տնային հոգսերի մի մասը թոթափեք (խնդրեք մտերիմներին օգնել ձեզ այդ հարցում), ձեր հոգու համար այցելեք խմբակ, որի համար երբեք ժամանակ չեք ունեցել: Փորձեք աշխատավայրում չափից ավելի չհոգնել, ժամանակ առ ժամանակ լիարժեք հանգիստ կազմակերպեք:
 
Եթե հարմար տեղ չեք գտնում, եթե մտածում եք ձեր գործը ստեղծելու մասին, մի վարանեք, մի վախեցեք:
 
Ամփոփում
 
Միջին տարիքի ճգնաժամը կարող է այն տպավորությունը ստեղծել, այն զգացումը, որ ժամանակն անվերջ չէ, ու այդ ժամանակ հատկապես սուր է զգացվում «Ինչո՞ւ եմ ապրում, ո՞ւր եմ գնում, ինչի՞ եմ ուզում հասնել, ի՞նչն է այժմ կյանքում կարևոր» հարցերի պատասխանների կարևորությունը: Ու այդ հարցերի պատասխաններից որոշվում է ձեր հետագա կյանքի ընթացքը: Ինչ-որ մեկը փոխում է մասնագիտությունը, ուրիշներըը`   ամուսնալուծվում , ամուսնանում, երեխա ունենում, սիրեկան պահում, նկարել, ծեփել կամ հուլունքագործություն սովորում:
 
Պահի երջանկությունն ու միաժամանակ դժվարությունն այն է, որ հիմա ամեն ինչ ձեր ձեռքում է, ձեզնից է կախված: Ինչպես ապրել`   որոշում եք դուք, միայն ու միայն: Իսկ եթե ինքներդ չեք կողմնորոշվում, չեք հասկանում`   ինչպես վարվել, ելքը, բնականաբար, դժվարին է: Այդ դեպքերում թերևս հոգեբանի օգնություն է անհրաժեշտ: Նա, իհարկե, կյանքի նոր նպատակների դեղատոմսեր չի տա, բայց կօգնի վերլուծելու ինքներդ ձեզ, հասկանալու ձեր ներուժը, միասին ելք կգտնելու այդ վիճակից, միաժամանակ մտնելու նոր կենսաշրջան: Թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ միջին տարիքի ճգնաժամն ուղեկցվում է անհատականության ու հարաբերությունների վերակառուցմամբ: Եթե դա ավելի երջանիկ կյանքի հանգեցնի,  ուրեմն ճգնաժամը ձեզ օգուտ է տվել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: