Հանրագիտարան

Առյուծ

Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են:

Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը հասնում է 250 կգ-ի: Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ:
Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Գազանների արքա համարվող առյուծը չի թաքնվում, զոհին չի դարանակալում և գաղտագողի չի հարձակվում նրա վրա: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ:
 
Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել: Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով:
 
Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել: Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 
 
Այժմ առյուծների որսն արգելված է: Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: 
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է 25–30 տարի:
 
Առյուծներն ապրում են խմբերով`   պրայդներով, որտեղ լինում են 2-ից ավելի արուներ և էգեր: Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: