Հանրագիտարան

Աղավնիներ

Աղավնիները թռչունների ցեղ են: Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ:

ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակը և փոքր տատրակը: Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում:

Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի մարզի, Կոտայքի մարզի, Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում: Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող: Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում:
 
Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույպես հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ: Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար: Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար: Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով: Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները: Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով: Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին: Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: