Հանրագիտարան

Ագեվազ

Ագեվազը կամ կենգուրուն պարկավոր կենդանի է: Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում:

Առանձնահատկություններն են`  

1. Ունեն պարկեր
2. Ստորին ծնոտի յուրահատուկ կառուցվածք
3. Նոր ծնված ագեվազի մոտ իմունային համակարգը լրիվ զարգացած չէ
4. Պարկ ունեն միայն էգ ագեվազները
5. Ագեվազները տեղաշարժվում են ցատկերով

 

Ագեվազը (կենգուրու) շատ ինքնատիպ կենդանի է: Էգի փորի վրայի պարկը ծածկում է նրա գրեթե ամբողջ որովայնը: 
Ագեվազի մարմնի երկարությունը 30–250 սմ է, կենդանի զանգվածը՝ 2–90 կգ: Ձագը ծնվում է կույր, մերկ ու շատ փոքրիկ: Հսկա շիկակարմիր ագեվազը, որի երկարությունը պոչի հետ հասնում է մինչև 250 սմ-ի, ծնում է ընդամենը 3 սմ մեծության ձագ: Ծնվելուց անմիջապես հետո ձագը, առանց մոր օգնության, իր սուր ճանկերով կառչելով մոր փորի մազերին, հասնում է պարկին ու ներս սողոսկում: Նա մոր կաթով սնվում է մոտ 65 օր, ապա դուրս է գալիս պարկից: Երբեմն նա պարկի մեջ մնում է մինչև 8 ամիս՝ հասնելով մոր գրեթե կես հասակին, ծանրություն է պատճառում նրան. դրա համար էլ թշնամիներից փախչելիս մայրը երբեմն պարկից դուրս է նետում ձագին: 
 
Ագեվազի հետևի ոտքերն ուժեղ են ու խոշոր, պոչը հաստ է, ուսերը՝ նեղ, իսկ առջևի թաթերը շատ փոքր են՝ նման մարդու ձեռքերին: Ագեվազի հետևի ոտքերին կա ընդամենը 4 մատ, նրանց ճանկերն ասես դանակ լինեն, հատկապես չորրորդ՝ ամենաերկար մատինը: Առջևի ճանկավոր թաթերով ագեվազը վարպետորեն հողից փորում հանում է արմատներ ու պալարներ և սնվում դրանցով, իսկ հետևի ոտքերով կռվում է. նա մարմնի ողջ ծանրությունն անսպասելիորեն հենում է պոչին և հետևի ազատված ոտքերով հուժկու հարվածներ հասցնում:
 
Սակայն ագեվազը հիմնականում խաղաղասեր է և ավելի հաճախ թշնամուց փրկվում է փախչելով. հետևի հզոր ոտքերով հրվելով՝ նա սլանում է 12 մ երկարության և 3 մ բարձրության հսկայական ցատկերով: Պոչն ագեվազին ծառայում է որպես հավասարակշռության կարգավորիչ և ղեկ, քանի որ երբեմն հարկ է լինում ցատկելու պահին փոխել ուղղությունը:
Ագեվազը լավ է հարմարվում և բազմանում կենդանաբանական այգիներում: Ազատ պայմաններում քիչ քանակությամբ պահպանվել է միայն Ավստրալիայում: Ուստի պատահական չէ, որ այդ պետության զինանշանի վրա պատկերված է նաև ագեվազը: Այժմ ագեվազները գտնվում են պաշտպանության ներքո:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: