Հանրագիտարան

Լույս

Լույսը ճառագայթման տեսակներից է: Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ:

Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է: Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ:

Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը: Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած  լույսն ընկնում է մեր աչքերի մեջ: Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերեվույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում: Սև մակերեվույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում: Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը:
 
Սովորաբար լույսը տարածվում է ուղղագիծ: Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր: Եթե լույսը ապակու, ջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ ընկնում է 90 աստիչանից տարբերվող անկյան տակ, ապա այն փոխում է իր ուղղությունը: Այս երևույթն անվանում են բեկում կամ ռեֆրակցիա. պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում: Հենց բեկման պատճառով է ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված երևում:
 
Գույներ և ալիքներ
 
Սպիտակ լույսը ծիածանի բոլոր գույների խառնուրդ է: Երբ սպիտակ լույսն անցնում է պրիզմայի (ապակե եռանիստի) միջով, ապա այդ լույսը կազմող գույների ճառագայթները բեկվում են տարբեր աստիճանով, և առաջանում է սպեկտր կոչվող գույների հավաքածու:
 
Լույսը չափազանց փոքր երկարության ալիքների ամբողջություն է, որը տարածության մեջ շարժվում է այնպես, ինչպես լճակի մակերևույթով շարժվում են նրա մեջ գցված քարից առաջացած ալիքները: Մի ալիքի գագաթից մինչև հաջորդի գագաթը եղած հեռավորությունը կոչվում է ալիքի երկարություն: Լույսի ալիքների երկարությունները շատ փոքր են. քորոցի գլխիկի վրա կտեղավորվեին ավելի քան երկու հազար այդպիսի ալիքներ: Տարբեր գույների լույսի ալիքներն ունեն տարբեր երկարություններ: Կարմիր լույսի ալիքներն ամենաերկարն են, իսկ մանուշակագույնինը՝ ամենակարճը:
 
Տեսանելի լույսը էլեկտրամագնիսական ալիքների մի ամբողջ ընտանիքի ընդամենը մեկ ներկայացուցիչն է: Իսկ մյուսները՝ ենթակարմիր և անդրամանուշակագույն ճառագայթումներն են, ռադիոալիքներն ու ռենտգենյան ճառագայթները: Այս բոլոր ալիքները տարածվում են նույն՝ մոտ 300000 կմ/վ արագությամբ: Տիեզերքում լույսից ավելի արագ ոչինչ չի շարժվում: Եթե մենք կարողանայինք սլանալ լույսի արագությամբ, ապա մեկ վայրկյանում ավելի քան յոթ անգամ կպտտվեինք Երկրի շուրջը: 
 
Թեև լույսը շարժվում է 300000 կմ/վ արագությամբ, սակայն ամբողջ ութ րոպե է հարկավոր, որպեսզի այն անցնի 150 մլն կմ հեռավորությունը և Արեգակից հասնի Երկիր: Մեկ տարում լույսի ճառագայթի անցած ճանապարհն անվանում են լուսատարի: Մինչև աստղերը եղած հեռավորությունները աստղագետները չափում են լուսատարիներով: Որոշ աստղեր Երկրից հեռու են միլիոնավոր լուսատարիներ:
 
Ի՞նչ է լույսը
 
Այս հարցի պատասխանը մարդկությունը փնտրել է հնագույն ժամանակներից: Սակայն նույնիսկ XVII դարում գիտնականները չունեին միասնական կարծիք. նրանց մի մասը, այդ թվում`   Իսահակ Նյուտոնը, պնդում էր, որ լույսը թեթևագույն մասնիկների հոսք է, մյուսները՝ որ այն կազմված է ալիքներից: Առաջինները լույսի անդրադարձումը բացատրում էին՝ ենթադրելով, որ մասնիկները նյութի մակերևույթից այնպես են հետ ցատկում, ինչպես բիլիարդի գնդակները՝ դաշտի կողերից: Այս տեսությունը լույսը դիտում էր որպես ֆոտոնների՝ տարրական մասնիկների շարժում: Սակայն այն չէր բացատրում լույսի բեկման երևույթը. ինչո՞ւ է մասնիկների մի մասը հետ ցատկում նյութի մակերևույթից, իսկ մյուսը՝ անցնում: Այս և նման շատ երևույթներ ավելի հեշտ էին բացատրվում լույսի ալիքային տեսության դիրքերից, որի հեղինակը անգլիացի ֆիզիկոս Թոմաս Յունգն էր (1773–1829): Սակայն Յունգը չէր ընդունում լույսի`   մասնիկների հոսք լինելու գաղափարը: Միայն 1905 թ-ին Ալբերտ Այնշտեյնն ապացուցեց, որ լույսը միաժամանակ ունի և՜ մասնիկների, և՜ ալիքների հատկություններ: 
Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ լույսը էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ է:
 
Արեգակի և աստղերի, կրակի և էլեկտրական կայծի լույսը ծնվում է մինչև մի քանի հազար աստիճան տաքացած ատոմներում: Բայց լինում է նաև «սառը» լույս, որն արձակում են փտած փայտը, լուսատտիկները, տաք ծովերի ջրերում բնակվող որոշ միկրոօրգանիզմներ և մարդկանց ստեղծած լուսարձակող ներկերը: Այդ լույսն առաջանում է քիմիական ռեակցիայի արդյունքում, և այս դեպքում արդեն շատ տաքանալը պարտադիր չէ:
Առանց լույսի Երկրի վրա կյանք չէր լինի: Արեգակի լույսը մեզ ջերմություն է պարգևում, և այդ է պատճառը, որ մեր մոլորակը չի վերածվում պաղ սառցակտորի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: