Առողջապահություն

Ինչպես զարգացնել ինքնավստահությունը

Շատերը տառապում են ինքնավստահության պակասից: Սա արդեն բավականին քննարկված թեմա է ողջ աշխարհում: Բայց ինչպե՞ս, չէ՞ որ մեր իրականությունում կարծես թե հակառակն է. խոսում ես շատ մարդկանց հետ, և թվում է, թե մոլորակի առանցքը հենց իրենք են:

Ավաղ, քիչ են այն մարդիկ, որոնց ավելորդ ինքնավստահությունը բխում է նրանց գերազանց իմացությունից և կայուն ներաշխարհից: Հակառակը՝ բարձրահունչ և չափից ավելի ինքնավստահ երևացող մարդկանց կարելի է տարբերելակել ըստ մի քանի խմբերի:

 

Մարդիկ ամենակարող սոցիալական դիմակի հետևում խնամքով թաքցնում են բավականին զգայուն, անգամ՝ վախվորած ու հաճախ վիրավոր անձնավորությանը, որը մարդկանց համար աննկատ երևալու համար կերտել է այդ յուրօրինակ վարագույրը:

 

Քիչ չեն նաև նրանք, ում ավելորդ ինքնավստահությունը գալիս է պարզապես հասարակական վարվեցողության կանոնների բացակայությունից: Մարդիկ անկաշկանդ են ոչ միայն այն դեպքերում, երբ գիտակցաբար գնում են առաջ, բայց նաև, երբ չգիտեն սպասվող խնդիրների իրական վտանգը, արժեքը կամ հետևանքները:

 

Մյուս կողմից՝ հատկապես կայացման տարիներին շատանում են նրանք, ովքեր լինելով կիրթ, գրագետ ու ժուժկալ, շարունակ խնդիրներ են ունենում ինքնահաստատման և շրջապատում իրենց արժանավոր դիրք և տեղ գրավելու հարցում:
 
Սեփական անձն ու հնարավորությունները վերագնահատելը հեշտ գործ չէ: Այստեղ շատ կարևոր է մի կողմից բացահայտել սեփական հնարավորությունների սահմանը, մյուս կողմից՝ չանցնել այդ սահմանն ու դառնալ ինքնասիրահարված ու ինքնահավան անձ: 
 
Այստեղ օգնության պետք է հասնի ներքին ձայնը, որին ժամանակ առ ժամանակ լսում կամ արհամարհում ենք բոլորս`   կախված իրադրությունից: Այսպես թե այնպես յուրաքանչյուր մարդ կարիք ունի ժամանակ առ ժամանակ «իրականության վերստուգման» մոլորությունից խուսափելու համար:
 
Հավատացեք, ձեր անձն ու վստահությունը բարձրացնելու միակ տարբերակը դիմացինի անձն ու հեղինակությունն իջեցնելը չէ. կան ավելի արդյունավետ ու հարգալից, ժամանակակից մեթոդներ: Ժպտացեք հաճախ: Ժպիտն ու բարեհոգությունը դարձնում են ձեզ անասելիորեն ձգողական, տալիս են վստահելության զգացում:
 
Պահպանեք զրուցակցի հետ շփումն ու երկխոսությունն աչքերի միջոցով, քանի որ նման շփումը կամ դրա բացակայությունը շատ բան կարող է ասել ձեր իրական նկատառումների մասին: Պետք չէ նպատակներին հասնել «ինչպես էլ որ պատահի»:
 
Իհարկե, կան խնդիրներ, որոնց մարդիկ հասնում են անգամ կյանքի գնով, սակայն նման կարևոր խնդիրներն իրականում այդքան էլ շատ չեն: Սեփական բարօրությունը պահպանելը հիմնականում կախված չէ ամենօրյա տանջալից ու անդադրում ջանքերից:
 
Մի փորձեք ամեն ինչին հասնել արագորեն և ամեն գնով: Մի եղեք անտանելիորեն կատարելամոլ: Դուք կատարյալ չեք, այլ պարզապես մարդ: Սխալվելն ու սայթաքելը նույնպես մարդկային են և, հնարավոր է, այսօրվա սայթաքումը վաղը կծառայի որպես ընկալված խորհուրդ:
 
Հավատացեք, հիմնականում այդպես էլ լինում է: Վստահ եղեք, ամեն ինչ հնարավոր է, եթե դուք ժամանակ ու տարածություն եք տրամադրում այդ հնարավորությանը, որպեսզի այն տեղի ունենա: Դադարեք հետևել ու մտապահել միայն վատ նորությունները:
 
Վերջին լուրերին հետևելը մի բան է, այլ բան, երբ կենտրոնանում եք բացասական լուրերի վրա: Այդ լուրերը նման են այն արագ ու անառողջ կերակրատեսակներին, որոնց վտանգավորության մասին մենք այնքան լսում ենք: Փորձեք լինել լավատես: Միշտ չէ, որ պարզապես արտացոլելով դիմացինի վարքն իր իսկ ուղղությամբ, կհասնեք հաջողության: 
 
Երբ անգամ ամենավատ տրամադրության ժամանակ դիմացինը փորձում է ներկայանալ դրական ու կիրթ վարքով, ապա դա ոչ միայն լիցքաթափում է բացասական էներգիան, այլև ստեղծում է դիմացինի նկատմամբ ենթագիտակցական շնորհակալության և հանգստության զգացմունք, որը հաճախ փոխակերպվում է հարգանքի:
 
Իսկ նման շրջադարձը, իհարկե, անմիջապես բերում է ոչ միայն ձեր ինքնավստահության բարձրացման, այլև դիմացինի`   ձեր իսկ նկատմամբ վստահության, որը անգնահատելի դրական առաջխաղացում է ձեզ համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: