Հանրագիտարան

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի ջրերով:

 
Ըստ տարածքի մեծության՝ երկրորդ մայրցամաքը Աֆրիկան է: Նրա ափերը ողողում են Հնդկական օվկիանոսը և Ատլանտյան օվկիանոսը: 2 մայրցամաքներ՝ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, միացած են Պանամայի ջրանցքով (մինչև 1914 թ.՝ պարանոց): Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան, իսկ Հարավային Ամերիկայի ափերը՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները: Անտարկտիդան հինգերորդ մայրցամաքն է: Այն ծածկված է սառցավահանով և Երկրագնդի միակ մայրցամաքն է, որտեղ մշտական բնակիչներ չկան: Ողողվում է այսպես կոչված Հարավային օվկիանոսի (այսպես են պայմանականորեն անվանում Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների՝ Անտարկտիդային հարող`   հարավային մասերը) ջրերով: Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է, որը ողողվում է Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով:
 
Մայրցամաքներին բնորոշ է երկրակեղևի ամբողջական հաստությունը՝ մինչև 35–45 կմ, և գրանիտային շերտի առկայությունը: Սակայն մայրցամաքները տարբերվում են իրենց բնական պայմանների ինքնատիպությամբ: Օրինակ՝ Աֆրիկան ամենատաքն է, Անտարկտիդան՝ ամենացուրտը, Ավստրալիան՝ ամենաչորայինը:
Մայրցամաքների չափերն ու ուրվագծերն անընդհատ փոփոխվում են: Գիտնականների կարծիքով՝ միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա գոյություն է ունեցել 1 խոշոր մայրցամաք՝ Պանգեյը: Երկրակեղևի տրոհվելու և տեղաշարժվելու հետևանքով այդ մայրցամաքը բաժանվել է 2 մասի՝ Լավրասիա (Հյուսիսային կիսագնդում) և Գոնդվանա (Հարավային կիսագնդում), որոնք իրարից բաժանվում էին Թետիս օվկիանոսով: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ մայրցամաքները մասնատվել են, ինչի հետևանքով Լավրասիայից առանձնացել են Հյուսիսային Ամերիկա և Եվրասիա, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները: Երկրաբանական այդ հեռավոր ժամանակներում կազմավորված մայրցամաքների և օվկիանոսների չափերն ու ափերի գծագրությունը քիչ նմանություն ունեն նրանց ժամանակակից տեսքին: Մեր ժամանակներում էլ մայրցամաքները դանդաղորեն տեղաշարժվում են: Օրինակ՝ միմյանցից աստիճանաբար հեռանում են Եվրասիան և Հյուսիսային Ամերիկան:
 
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր:
Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա: Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա մայրցամաքները կազմում են մեկ աշխարհամաս՝ Ամերիկան, իսկ Եվրասիա մայրցամաքն ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպան և Ասիան: Նրանց միջև պայմանական սահմանագիծն անցնում է Ուրալյան լեռներով, էմբա գետով՝ մինչև Կասպից ծով, Կումա և Մանիչ գետերով՝ մինչև Դոնի գետաբերան, և Սև ու Միջերկրական ծովերով: Իսկ ինչպե՞ս են առաջացել աշխարհամասերի անվանումները: Հին հույներին ծանոթ էր միայն 2 աշխարհամաս. Հունաստանից արևմուտք և արևելք ընկած տարածքներն իրենց աստվածուհիների անունով նրանք կոչեցին՝ Եվրոպա և Ասիա: Հնարավոր է, որ հունական այդ անվանումներն առաջացած լինեն ասորերեն «էրեբ» և «ասու» բառերից, որ նշանակում են արևմուտք և արևելք:
 
Երբ հին հռոմեացիները նվաճեցին Միջերկրական ծովի հարավային ափերը, այդ տարածքներին տվեցին տեղաբնիկ «աֆարիկ» բերբերական ցեղի անունը: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց Նոր աշխարհը: Իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչին, որը նույնպես նավարկել էր դեպի այդ տարածքներ, առաջինն է ենթադրել, որ դա նոր աշխարհամաս է, և, ի պատիվ նրա, այն կոչվեց Ամերիկա: XVII դարում հոլանդացի ծովագնացները հայտնագործեցին հինգերորդ աշխարհը՝ «Անհայտ հարավային երկիրը», և այն անվանեցին Ավստրալիա (լատիներեն է, նշանակում է հարավային): XIX դարի սկզբին ռուս ծովագնացներ Ֆ. Բելլինսգաուզենը և Մ. Լազարևը հասան «Արկտիկայի դեմ հանդիման ընկած երկիրը», որը հենց այդպես էլ կոչվեց՝ Անտարկտիդա (հունարեն «անտի» և «արկտիկա» բառերից, որ համապատասխանաբար նշանակում են՝ դեմ և հյուսիսային`   հյուսիսադեմ):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: