Հանրագիտարան

Մուսաներ

Մուսաները Զևսի դուստրերն են: Ըստ հին հունական դիցաբանության`   մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը:

Ընդհանուր տեղեկություններ

Հունական առաջին մեծ գրողները`   Հոմերոսը և Հերոդոտոսը, իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին:

Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են`  
  • Կալլիոպե - էպիկական պոեզիայի`   էպոսի մուսա: Կալլիոպեն (հին հունարեն՝ Καλλιόπη — «ճարտախոս») ինը մուսաներից իններորդն ու ավագն է: Դատելով անունից, սկզբնապես եղել է երգեցողության աստվածուհի: Դասական շրջանում Կալլիոպեն համարվել է էպիկական պոեզիայի մուսան: Նրա մշտական ատրիբուտները եղել են ստիլոսը (գրելու ձողիկը) և մոմապատ տախտակները:
  • Կլիո - պատմության մուսա: Կլիոն ինը մուսաներից մեկն է: Սկզբնապես, ըստ երևույթին, եղել է հերոսական երգերի մուսան: Դասական շրջանում համարվում էր պատմության մուսան. նրա մշտական ատրիբուտն է`   պապիրուսի կամ մագաղաթի գալարը:
  • Եվտերպե - քնարերգության մուսա:
  • Թալիա - կատակերգության մուսա: Պատկերվում էր երիտասարդ աղջկա տեսքով, հովվական ցուպը (երբեմն`   դափը) աջ ձեռքին, իսկ գլխին բաղեղից պսակ: Թալիայի սանը դերասանն է, նրա տաճարը`   թատրոնը:
  • Մելպոմենե - ողբերգության մուսա:
  • Տերփսիքորա - պարերի մուսա: Տերփսիքորան (հին հունարեն՝ Τερψιχόρα) պարերի երբեմն նաև խմբերգի մուսան է: Զևսի և Մնեմոսինեի դուստրը: Համարվում է սիրենների մայրը: Պատկերվում էր դեռատի աղջկա տեսով: Ատրիբուտները`   գլխին պսակ է, մի ձեռքով նա բռնում էր քնարը: Այլաբանորեն`   պարուհի:
  • Էրատո - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության մուսա:
  • Պոլիհիմնիա (կամ Պոլհիմնիա) - հիմների մուսա:
  • Ուրանիա - աստղագիտության մուսա:
Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա: Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք: Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց: Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա: Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա:
 
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները`   մեղուներն ու ճպուռները:
 
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:
 
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: