Հանրագիտարան

Հեծանիվ

Հեծանվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, ստեղծվել են Ֆրանսիայում XVII դարում:

Հետագայում դրանք գրեթե միաժամանակ ասպարեզ են եկել նաև Գերմանիայում, Անգլիայում ու այլ երկրներում: Առաջին երկանիվ հեծանիվները, որոնց նաև «ոսկրացունց» էին անվանում, հայտնվեցին XVIII դարի վերջերին, երբ 1791թ.-ին ֆրանսիացի կոմս դը Սիրվակը կառուցեց իր սելիֆերը՝ փայտե երկանիվ հեծանիվը:

 

Այն ղեկ չուներ, փայտե անիվներն ամրացված էին երկաթե օղերով, շարժման մեջ էր դրվում ոտքերով գետնից հրվելու միջոցով: Հետագայում ֆրանսիացի Միշո եղբայրները հեծանվին ավելացրին ղեկ, առաջին անվին ամրացրին շարժաթև ու ոտնակ և մեքենան անվանեցին «վելոսիպեդ» (լատիներեն «վելոքս»՝ արագ, և «պես»՝ ոտք, բառերից):

 

Նրանք կազմակերպեցին հեծանիվների արտադրություն (տարեկան մինչև 400 հատ), որի շնորհիվ 1869թ.-ին Ֆրանսիայում սկզբնավորվեցին հեծանվարշավները: Շուտով փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով տանող անվի տրամագիծը մեծացվեց մինչև 180 սմ:

 

XIX դարի վերջին հեծանվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877թ.-ին), պնևմատիկ դողեր (1889թ.-ին), ազատ ընթացք (1894թ.-ին), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899թ.-ին): Նման կառուցվածք ունեցող հեծանիվներն արդեն ժամանակակից հեծանիվը հիշեցնող մեքենաներ էին:
 
XIX դարի վերջերին տարբեր երկրներում սկսեցին հեծանիվ արտադրել: Այն սկսեց կիրառվել նաև ռազմական գործում որպես վիրավորներ, թեթև զենք ու հանդերձանք փոխադրող և կապի միջոց: Եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր:
 
Մեր օրերում շատ երկրների բնակիչների համար հարմարավետ հեծանիվները հիմնական փոխադրամիջոց են: Այսօր կան արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հեշտությամբ տեղավորվող ծալովի հեծանիվներ, որոնք մի քանի վայրկյանում կարելի է քանդել և նույն արագությամբ էլ հավաքել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: