Հանրագիտարան

Մոտոցիկլ

Մոտոցիկլները ոտնակով հեծանիվներից շատ ավելի ծանր ու հզոր մեքենաներ են, որոնց վրա տեղադրված են բենզինով աշխատող շարժիչներ:

Մոտոցիկլները նախատեսված են 1–2 ուղևորի համար: Դրանք օգտագործվում են սպորտում և ակտիվ հանգստի համար: Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլներից: Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլն  ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան: 

Բենզինով աշխատող շարժիչով առաջին մոտոցիկլը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թ-ին Գերմանիայում: 
 
Հեծանիվների նման, մոտոցիկլները նույնպես ունեն կրող շրջանակ, որի վրա տեղադրված են շարժիչը, փոխանցման տուփը, վառելանյութի բաքը, նստոցը և այլ տարրեր: Առջևի և հետևի անիվները հանդերձված են հիդրավլիկական մեղմիչներով, որոնք մեքենան պահպանում են ուժգին ցնցումներից ու հարվածներից: Շարժումը փոխանցման տուփին ամրացված շարժիչից հետևի անվին փոխանցվում է շղթայի միջոցով: Շարժիչի ծավալը 50–1200 սմ3 է: 50 սմ3 և ավելի փոքր տարողությամբ շարժիչներով մոտոցիկլներն անվանում են մոտոռոլլերներ: Դրանց վրա սովորաբար տեղադրում են բենզինով աշխատող, օդահովացումով երկտակտ շարժիչներ: Մեծ և թանկարժեք մոտոցիկլները սովորաբար ունեն ջրահովացումով քառատակտ շարժիչներ: Ղեկի վրա տեղադրված են առջևի արգելակի, կոճի (դրոսել), կցորդիչի բռնակները և ցոլալապտերի գործարկիչ-անջատիչը: Մոտոցիկլի արագությունը կարելի է փոփոխել նաև հատուկ ոտնակով: Ներկայումս բազմաթիվ մոտոցիկլների վրա տեղադրված են փոխանցումների ինքնաշխատ տուփեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: