Հանրագիտարան

Ավտոմեքենա

Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի:

Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարվել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: XVIII դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880 թ.) հետո:

1886 թ-ին գերմանացի գյուտարար Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց եռանիվ կառքին, որն ընդունված է համարել առաջին իսկական ավտոմեքենան: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կարլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ:
 
Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին`   ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: 
 
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարներում կիրառվում են մինչ օրս:
 
1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայողական է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը:
 
Ստեղծվել են նաև արևի էներգիայով աշխատող մեքենաներ: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: