Հանրագիտարան

Ամերիկյան ֆուտբոլ

Ամերիկյան ֆուտբոլն ԱՄՆ-ի ազգային մարզաձևերից է: Այն ուժային հնարքներով կոշտ խաղ է, ուստի վնասվածքներ չստանալու համար խաղացողները դնում են պաշտպանական դիմակով սաղավարտներ, իսկ մարզահագուստի տակ կրում են վահանակներ:

 

Խաղադաշտն ունի 91x48,53 մ չափեր: Ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ թիմը կազմված է 45 մարզիկից, սակայն դաշտում միաժամանակ կարող է գտնվել միայն 11 խաղացող: Թեև խաղը բաղկացած է 15 րոպե մաքուր ժամանակով 4 խաղափուլից, բայց բազմաթիվ դադարների պատճառով այն տևում է մոտ 3 ժամ: Գնդակը կարելի է առաջ տանել ձեռքով պահած կամ առաջ մղել ոտքի հարվածներով:
 
Գնդակի խաղարկումն սկսվում է դաշտի կենտրոնից, որից հետո հարձակվող թիմին թույլատրվում է կատարել միայն մեկ փոխանցում՝ դեպի առաջ: Փոխանցված գնդակն ստացած հարձակվողը ձգտում է գնդակով հատել հակառակորդի դարպասային (դիմային) գիծը, որի համար թիմն ստանում է 6 միավոր: Գրոհը բաղկացած է 4 խաղարկումից, որից յուրաքանչյուրի ժամանակ հարձակվող թիմի խաղացողները պարտավոր են գնդակն առաջ տանել 10 յարդից (9 մետր) ոչ պակաս, հակառակ դեպքում գնդակն անցնում է մրցակից թիմին: Գրոհել կարելի է միայն գնդակով խաղացողի վրա: Թիմակիցներն իրավունք ունեն ճանապարհ բացել գնդակով խաղընկերոջ համար և պաշտպանել նրան հակառակորդի հարձակումներից, որը կոչվում է շրջափակող խաղացողների մարտավարություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: