Հանրագիտարան

Ֆուտբոլային մրցումներ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցաշարը 4 տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնությունն է:

 

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցաշարը 4 տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնությունն է: Ավելի քան 204 երկրներ մասնակցում են աշխարհի առաջնության ընտրական խաղերին: Հաղթած լավագույն 32 թիմերը դուրս են գալիս եզրափակիչ, որի խաղերն անցկացվում են նախօրոք որոշված երկրում:
 
Սկզբնական շրջանում աշխարհի առաջնություններում գերակշռում էին եվրոպական և հարավամերիկյան թիմերը, սակայն գնալով ավելի ու ավելի է մեծանում Աֆրիկայի և Ասիայի երկրների թիմերի մասնակցությունը, ինչը վկայում է նրանց խաղի մակարդակի բարձրացումը:
 
Ֆուտբոլային առաջին ակումբը՝ «Շեֆիլդ Յունայթեդը», հիմնվել է 1855 թ-ին Անգլիայում, ազգային առաջին միությունը՝ 1863 թ-ին՝ նույնպես Անգլիայում, որտեղ մշակվել են ժամանակակից խաղի կանոնները: 1863 թ. համարվում է ժամանակակից ֆոտբոլի պաշտոնական ծննդյան տարին: 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային միությունների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, իսկ 1954 թ-ին՝ Ֆուտբոլային միությունների եվրոպական ֆեդերացիան՝ ՈՒԵՖԱ-ն:
Ֆուտբոլն Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1900թ-ին: Ֆուտբոլի առաջին միջազգային հանդիպումները տեղի են ունեցել 1902 թ-ին (Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա-Ուրուգվայ):
Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի անդրանիկ առաջնությունն անցկացվել է 1930թ-ին Ուրուգվայում, որտեղ չեմպիոն դարձան տանտերերը: 1991 թ-ին Չինաստանում կայացավ ֆուտբոլի կանանց աշխարհի անդրանիկ առաջնությունը, որտեղ հաղթեց ԱՄՆ-ի հավաքականը:
1960 թ-ից անցկացվում է Եվրոպայի առաջնություն՝ մայրցամաքի երկրների հավաքականների միջև: 1955 թ-ից անցկացվում են Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1971 թ-ից՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություններ: 1973 թ-ից անցկացվում են նաև սուպերգավաթի (եվրոպական երկրների չեմպիոն թիմերի և գավաթակիրների մրցաշարի նույն տարվա հաղթողների միջև), իսկ 1960 թ-ից՝ մայրցամաքային գավաթի (սուպերգավաթի հաղթողի և Հարավային Ամերիկայի չեմպիոնների գավաթակրի միջև) առաջնություններ:
1991 թ-ից սկսած՝ ազգային հավաքականների մարզիչների հարցումների հիման վրա ՖԻՖԱ-ն  հայտարարում է տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային երկրներն են Բրազիլիան (աշխարհի հնգակի չեմպիոն), Իտալիան (քառակի), Գերմանիան (եռակի), Արգենտինան (կրկնակի), Ուրուգվայը (կրկնակի), Անգլիան (մեկ), Ֆրանսիան (մեկ), Իսպանիա (մեկ):
Ֆուտբոլի պատմության մեջ շատ են եղել տաղանդավոր, համաշխարհային հռչակ վայելող ֆուտբոլիստներ. Մեթյուզ (Անգլիա), Պլատինի, Զիդան (Ֆրանսիա), Բեկենբաուեր (Գերմանիա), Պելե, Դիդի, Գարինչա, Ռոնալդո (Բրազիլիա), Մարադոնա (Արգենտինա), Էյսեբիո (Պորտուգալիա), Յաշին (Ռուսաստան) և այլք:
Յուրաքանչյուր երկրում անցկացվում է ֆուտբոլի ազգային առաջնություն, որին մասնակցում են այդ երկրի առաջատար թիմերը, այսինքն՝ բարձրագույն լիգայի ակումբները: 
Հայկական ֆուտբոլային առաջին թիմերն ստեղծվել են 1904 թ-ին Կոստանդնուպոլսում և Զմյուռնիայում, իսկ Հայաստանում ֆուտբոլը տարածվել է 1920-ական թվականներին: Իրենց թիմերն են ունեցել Ալեքսանդրապոլը (Գյումրի), Էջմիածինը (Վաղարշապատ), Երևանը: 1920 թ-ին Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին խաղը Երևանի և Ալեքսանդրապոլի թիմերի միջև: 1939 թ-ից Երևանի «Դինամո» թիմը (1954–62 թթ-ին՝ «Սպարտակ», 1963 թ-ից՝ «Արարատ») սկսեց մասնակցել ԽՍՀՄ առաջնություններին: Երևանի «Արարատի» հետ Հայաստանը տարբեր տարիների ներկայացրել են նաև Գյումրիի «Շիրակը», Վանաձորի «Լոռին», Կապանի «Լեռնագործը», Երևանի «Նաիրին», «ՖԻՄԱ»-ն, Էջմիածնի, Արմավիրի, Արտաշատի թիմերը: Հայաստանի առաջատար թիմը՝ «Արարատը», դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), երկու անգամ փոխչեմպիոն (1971, 1976) և երկու անգամ (1973, 1975) նվաճել է ԽՍՀՄ գավաթը: 
Հայ հանրահայտ ֆուտբոլիստներից են Ս. Հովիվյանը, Է. Մարգարովը, Լ. Իշտոյանը, Հ. Զանազանյանը, Ա. Անդրեասյանը, Ն. Ղազարյանը, Խ. Հովհաննիսյանը և ուրիշներ, լավագույն մարզիչներից՝ Ն. Սիմոնյանը, Ա. Ֆալյանը և ուրիշներ:
1991 թ-ին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ, իսկ 1992 թ-ից անցկացվում են երկրի առաջնություններ և գավաթի խաղարկություններ: Հայաստանի լավագույն թիմերը («Արարատ», «Փյունիկ», «Շիրակ», «Երևան», «Կոտայք», «Բանանց», «Միկա») մասնակցում են եվրոպական գավաթների խաղարկություններին, իսկ ազգային հավաքականը՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական խաղերին: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: