Հանրագիտարան

Տրամաչափ

Տրամաչափը (լատիներեն՝ Calibra), հրազենի կամ հրանոթի փողի փողանցքի տրամագիծն է, զենքի հիմնական հատկանիշներից մեկը:

Կախված փողի տեսակից տրամաչափը որոշվում է տարբեր կերպ՝ հարթափող զենքի դեպքում այն փողանցքի տրամագիծն է, ակոսավոր փողի դեպքում որոշվում է կամ ակոսների թմբերին համապատասխան տրամագծով՝ փողանցքի փոքր տրամագծով(նկարում A), կամ ակոսների խորության տրամագծով՝ փողանցքի մեծ տրամագծով(նկարում B), արկերի և գնդակների համար ընդունված է տրամաչափ համարել B տրամագիծը: Երբ փողը երկայնական հատույթում ունի կոնական ձև տրամաչափը բնորոշվում է փողանցքի սկզբի և վերջի տրամագծերով:

Ակոսափող հրազենի տրամաչափը

Ակոսափող հրազենի տրամաչափը անգլիական համակարգի երկրներում չափվում է դյույմերով: ԱՄՆ-ում՝ դյույմի հարյուրերորդական ճշտությամբ(օր՝. 0,45 դյույմ), Մեծ Բրիտանիայում՝ դյույմի հազարերորդական ճշտությամբ(օր՝. 0,450 դյույմ): Գրառումներ կատարելիս կոտորակի ամբողջ զրո թիվը սղվում է, և կոտորակի բաժանարար ստորակետի փոխարեն կարող է գրվել կետ՝ .45, .450: Գրվում է նաև տրամաչափ .45 կամ տրամաչափ .450, իսկ խոսակցական լեզվում տարածված է համապատասխանաբար քառասունհիգերորդ տրամաչափ կամ չորսհարյուրհիսուներորդ տրամաչափ: Չափման ՍԻ համակարգի երկրներում(նաև Հայաստանում) տրամաչափը չափվում է միլիմետրերով, գրելիս տրամաչափին ավելացվում է նաև պարկուճի երկարությունը(օր՝. 9×18 մմ), սակայն պետք է հաշվի առնել, որ պարկուճի գրառումը վերաբերվում է փամփուշտին, ոչ թե փողին:
 
Նույն տրամաչափի փամփուշտները կարող են ունենալ տարբեր երկարություններ, և այս տիպի գրառումները անգլիական համակարգի դեպքում կատարվում են զինվորական փամփուշտների վրա իսկ քաղաքացիական փամփուշտների համար գրվում է հետևյալ ձևով.45 Colt, .41 S&W, .38 Super, .357 Magnum, .220 Russian: Պատահում է նաև գրառման ավելի բարդ ձևեր՝ նույն փամփուշտի համար լինում է օրինակ այս կերպ՝ 9 մմ, Բրաունինգ, կարճ, երեք հարյուր, ավտո կամ ինը տասնյոթի վրա: Գրառման և տարբերակման այսպիսի խառը եղանակները բացատրվում է նրանով, որ ամեն մի զինագործ ընկերություն ունի իր արտոնագրված փամփուշտները և այլ երկրների կողմից սպառազինության մեջ ընդգրկվելիս կատարվում են նոր տիպի գրառումով:
 
Որոշ երկրներում տրամաչափը համարվում է փողանցքի փոքր տրամագիծը(նկարում A), իսկ մյուս երկրներում համարվում է փողանցքի մեծ տրամագիծը(նկարում B), և ստացվում է, որ նույն գրառման դեպքում պատահում է փամփուշտի տրամաչափը և փողի տրամաչափը տարբեր են լինում: Հրազենի տրամաչափը ըստ չափի դասակարգվում է՝
 
  • փոքր տրամաչափի (6,5մմ-ից փոքր)
  • նորմալ տրամաչափ (6,5—9,0 մմ)
  • խոշոր տրամաչափի (9,0—20,0 մմ)
Տրամաչափի մինչև 20մմ-ի դեպքում զենքը համարվում է հրազեն, իսկ 20մմ-ից բարձրի դեպքում համարվում է հրանոթ(բացառություն են կազմում չորրորդ տրամաչափի որսորդական հրացանը, ազդանշանային ատրճանակները և որոշ խոշոր տրամաչափի հրացանները որոնք նույնպես հրազեն են):
 
Հրազենը հրանոթից տարբերվում է նաև զինամթերքի տեսակով՝ հրազենի համար նախատեսված են փամփուշտներ, իսկ հրանոթի համար՝ արկեր: Փամփուշտի գնդակի պատյանը ավելի փափուկ է, քան արկի պատյանը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: