Հանրագիտարան

Ուղղաթիռ

Ուղղաթիռները թռչող սարքեր են, որոնք կարող են տեղից ուղղահայաց վեր բարձրանալ և վայրէջք կատարել հարթ հրապարակում և նույնիսկ տանիքի վրա:

1930-ական թվականներին Խորհրդային միությունում ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ փորձեր էին կատարվում: Թռչող սարքը պետք է լիներ փոքր, թեթև, անաղմուկ: Անդրանիկ Իոսիֆյանն առաջիններից մեկն էր, որ ստեղծեց հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ:

 

Այն ուներ 2 մետր տրամագծի պտուտակ, որն աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով: Նախատեսված էր զանազան դիտարկումների, հետախուզման և հրետանու կրակը ուղղորդելու համար: 1941թ.-ին ուղղաթիռը փորձարկվեց, սակայն Համաշխարհային պատերազմը կասեցրեց ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ:

 

Ուղղաթիռներով բեռներ և ուղևորներ են փոխադրում փոքր հեռավորություններ և դժվարամատչելի վայրեր, օրինակ՝ ծովում գտնվող նավթային հենահարթակ կամ քաղաքի շրջագծում գտնվող մի օդանավակայանից մյուսը: Ուղղաթիռներն արագորեն տեղից տեղ են փոխադրում օդային դեսանտը և կարող են վայրէջք կատարել նավերի վրա:

 

Ճիշտ է՝ մարդատար և բեռնատար ինքնաթիռները թռչում են ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում են ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ են ծախսում, բայց չեն կարող ուղղաթիռի նման կախված մնալ օդում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության:

 

Ուղղաթիռը կարող է նաև պտտվել իր առանցքի շուրջը և ժամում մինչև 400 կմ արագությամբ թռչել ցանկացած ուղղությամբ: Ահա, այդ պատճառով կառուցում են թե՛ ինքնաթիռներ, թե՛ ուղղաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր համար նախատեսված աշխատանքը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: