Հանրագիտարան

Սպառազինություն

Սպառազինությունը զենքերի և դրանց կիրառումն ապահովող տեխնիկական միջոցների ամբողջությունն է:

Ժամանակակից հրետանային կայանքներից, տանկերից, ռազմանավերից և ինքնաթիռներից յուրաքանչյուրը մարտական մի հենահարթակ (պլատֆորմ) է`   օժտված մեծ հնարավորություններով, ինչպիսիք են կրակային հարվածի հզորությունը և բարձր շարժունակությունը, իսկ տանկերի և որոշ ուղղաթիռների դեպքում՝ նաև հզոր զրահը: Օրինակ՝ ժամանակակից տանկերը կարող են ընթացքից կրակ վարելով   ավելի քան 60 կմ/ժ արագությամբ սլանալ դժվարանցանելի ճահճապատ տեղանքով`   ճանապարհին հաղթահարելով խրամատներ ու գետեր, իսկ տանկերի որոշ տեսակներ նույնիսկ կարող են կարճ ժամանակով սուզվել և ընթանալ ջրի տակով:

Հրազենները, ըստ գործարկման եղանակի, լինում են անհատական`   ատրճանակ, հրացան, ինքնաձիգ, ձեռքի գնդացիր և այլն, ու խմբային սպասարկման`   հաստոցային գնդացիր, նռնականետ և այլն: Հրաձգային զենքի ծանր տեսակները կոչվում են հրետանի, որը գործարկում են մի քանի զինվորներից կազմված մարտական հաշվարկները: Հրետանին լինում է հեռահար, զենիթային, ստացիոնար, քարշարկվող, ինքնագնաց, լեռնային, օբյեկտային և այլն:
 
Ժամանակակից սպառազինությունը տարբերում են`   ըստ զենքի տեսակի (հրետանային, հրթիռային և այլն), ըստ կրող միջոցների (ավիացիայի, ռազմանավային, տանկային և այլն) և ըստ տեղաբաշխման (ցամաքային զորքերի գնդի և այլն):
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: