Հանրագիտարան

Քիմիական զենք

Քիմիական զենքը զանգվածային խոցման զենք է`   հիմնված քիմիական նյութերի թունավոր հատկությունների վրա: Զենքի հիմնական բաղադրամասերն են մարտական թունավոր նյութերը /ԹՆ/, դրանց տեղափոխման և կիրառման սարքերը, կառավարման սարքերը:

Տարածքը, որի սահմաններում ԹՆ-ի ազդեցության տակ տեղի են ունեցել մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների զանգվածային ախտահարումներ, կոչվում է քիմիական վարակման օջախ /ՔՎՕ/: ՔՎՕ-ն և այն տարածքը, որի վրա նստել է ախտահարող խտությամբ վարակված օդի ամպը, կոչվում է քիմիական վարակման գոտի: 

Ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցության ԹՆ-ն  լինում են.
 
Նյարդակաթվածային ազդեցության  ԹՆ/VX, զարին, զոման/: Դրանք լինում են գոլորշու, կաթիլահեղուկային վիճակում, մարդու օրգանիզմ են թափանցում շնչառական, աղեստամոքսային ուղիներով: Ախտահարում են նյարդային համակարգը: Ախտահարման նշաններն են`   թքարտադրություն, շնչառության դժվարություն, բիբերի նեղացում, սրտխառնություն, կաթվածահարություն: Դրանք ամենավտանգավոր ԹՆ-ն են: Դրանց շատ փոքր քանակը  բավարար է մարդու ախտահարման համար:
Պաշտպանական միջոց են հակագազը և պաշտպանիչ հագուստը, իսկ ախտահարվածին ներարկվում է հակաթույն:
 
Մաշկաթարախային ներգործության  ԹՆ /իպրիտ, լյուիզիտ/: Կաթիլահեղուկային և գոլորշանման վիճակում ախտահարում են մաշկը և աչքերը: Գոլորշին ներշնչելիս ախտահարվում են շնչուղիները և թոքերը, վարակված սնունդ և ջուր ընդունելիս`   մարսողական օրգանները:Առաջանում է օրգանիզմի թունավորում: 
Այս ԹՆ-ի կիրառման պայմաններում անհրաժեշտ է պաշտպանվել հակագազով և պաշտպանիչ հագուստով:
Հեղձուցիչ ազդեցության ԹՆ-ը /ֆոսգեն, դիֆոսգեն/ օրգանիզմի վրա ազդում են շնչառական օրգանների միջոցով: Ախտահարման նշաններն են`   քաղցրանման տհաճ համ բերանում, գլխապտույտ, հազ, թուլություն: Վարակման օջախից դուրս բերելուց հետո այդ զգացողությունները գրեթե վերանում են: Բայց դա խաբուսիկ է, ընդամենը գաղտնի շրջան, որին հաջորդում են լուրջ խանգարումներ: Տուժածին հագցնում են հակագազ, դուրս բերում վարակման շրջանից, տաք ծածկում են և ապահովում հանգիստը:
 
Ընդհանուր ազդեցության թունավոր ԹՆ-ը /կապտաթթու, քլորցիան/ շատ թունավոր են`   մահացու ազդեցության, ախտահարում են և’ մաշկով, և’ շնչառական, մարսողական ուղիներով: Տուժածին ներարկում են հակաթույն, երբեմն կատարում արհեստական շնչառություն և շտապ տեղափոխում բուժկետ:
 
Գրգրռիչ ազդեցության  ԹՆ-ը /սի-էս, ադամսիտ/ առաջացնում են սուր այրոց և ցավ բերանում, կոկորդում ու աչքերում, արցունքազատում, շնչառության դժվարություն:
 
Հոգեքիմիական ազդեցության  ԹՆ-ը /բի-զեթ/ ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա և առաջ բերում հոգեկան և ֆիզիկական խանգարումներ /խլություն, կուրություն/: Այս ԹՆ-ով ախտահարվածի մարմնի վարակված մասերը պետք է մշակել օճառաջրով, աչքերը և քիթբերանը մաքրել ջրով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: