Հանրագիտարան

Հոգեբանություն

Հոգեբանությունը գիտություն է հոգու և հոգեկան դրսևորումների մասին, թե ինչպես է անհատը (մարդկանց խումբը կամ հանրությունը) զգում, ընկալում շրջակա միջավայրի առարկաներն ու օբյեկտները և արտացոլում դրանք:

Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների (զգացողություն, ընկալում, հիշողություն, մտածողություն և այլն), հոգեկան վիճակների (լարվածություն, մոտիվացում, զգացմունքներ և այլն) և հոգեկան հատկությունների (ընդունակություններ, բնավորություն, խառնվածք և այլն) առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները: 

Հոգեբանությունը հոգեկան գործընթացը հետազոտում է դիտումների, գիտափորձի, զրույցի, գործունեության արդյունքների վերլուծության, կենսագրական և այլ եղանակներով՝ նյարդային, կենսաֆիզիկական, կենսաքիմիական, հոգեֆիզիոլոգիական և հանրային մակարդակներով:
 
Մարդու հոգեկանի վերաբերյալ առաջին գիտական պատկերացումներին ծանոթ էին Հին աշխարհում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Հունաստանում: Հույն փիլիսոփա Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) կարծում էր, որ մարդկային հոգու (գիտակցության) օրենքները կամայական չեն, և հոգեկանի ճանաչման լավագույն միջոցներից է ինքնաճանաչումը: 
Պլատոնի (մ. թ. ա. 428/427–348/347 թթ.) կարծիքով՝ հոգին միջանկյալ վիճակ է զգայականի և բանականի միջև: Ընդ որում, նա բույսերի և կենդանիների հոգիները համարել է մահկանացու, մարդունը՝ անմահ: 
 
Արիստոտելի (մ. թ. ա. 384–322 թթ.) և ստոիկների ժամանակներից սկսած՝ ձևավորվել է աշխարհաճանաչման մի ուսմունք՝ անիմիզմը, որը հոգին դիտում է որպես կյանքի հիմնական սկզբունք: Այդ տեսությունը Վերածննդի շրջանում ձևավորվել է որպես համաշխարհային հոգու ուսմունք:
 
Ըստ հայտնի կրոնների, բուդդայականությունից բացի, անհատի հոգին արարում է Աստված և դնում նրա մարմնի մեջ: Մարդու մահվանից հետո հոգին չի մեռնում, այլ շարունակում է իր գոյությունն անդրշիրիմյան կյանքում: Ըստ քրիստոնեության՝ ի վերջո մարդուն սպասում է մարմնավոր հարություն՝ մարմնի և հոգու նոր միավորում`   Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ:
Հոգու քվազիֆիզիկական պատկերացումներից ելնելով՝ փորձել են չափել նաև հոգու զանգվածը. առաջին նման փորձերը կատարվել են 1907 թ-ից, սակայն դրանց գիտական հավաստիությունը հավատ չի ներշնչում: Հույն բժիշկ Հիպոկրատի կարծիքով՝ հոգեկանի օրգանն ուղեղն է: Նա զարգացրել է տեսություն խառնվածքի մասին: XVII դարից, բնական գիտությունների զարգացմանը զուգահեռ, մեծացել է նաև հետաքրքրությունը հոգեկան կյանքի նկատմամբ. ուշագրավ եզրահանգումներ են արել Ռենե Դեկարտը, Սպինոզան, Ջոն Լոկը, Չառլզ Դարվինը, Կլոդ Ադրիան Հելվեցիուսը, Հերման Հելմհոլցը և ուրիշներ: 
 
XIX դարի վերջից հոգեբանությունը զարգացել է փիլիսոփայությունից անկախ՝ որպես ինքնուրույն գիտություն: 
 
Հայ գիտական միտքը մարդու բնությանը, հոգուն և նրա անմահությանը անդրադարձել է V դարից սկսած: Մարդու հոգեկան նկարագրի, բնավորության նրբերանգների, ազգերի հոգեկերտվածքի մեջ խորամուխ լինելու տեսակետից առանձնանում է Պատմահայրը՝ Մովսես Խորենացին: Արժեքավոր են Դավիթ Անհաղթի պատկերացումները իմացության, հոգու կառուցվածքի, հույզերի, կամքի ու բարոյականության մասին: Հոգեբանական խնդիրների նկատմամբ ուրույն մոտեցումներ են շարադրել Անանիա Շիրակացին, Գրիգոր Նարեկացին, Արիստակես Լաստիվերցին: 
 
1930-ական թվականներին Գուրգեն Էդիլյանը Երևանում ստեղծել է առաջին հոգեբանական լաբորատորիան: Մկրտիչ Մազմանյանն առաջիններից է զբաղվել անգիտակցականի հոգեկան ակտիվության խնդիրներով, 1975 թ-ին Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան) ստեղծել է հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա, որտեղ հետազոտում են հիմնականում տարիքային և մանկավարժական հոգեբանությունը: 
 
Ներկայումս հոգեբանության ամբիոններ են գործում Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական համալսարաններում և այլ բուհերում, իսկ 1992 թ-ին հոգեբան Սեդրակ Սեդրակյանի նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է «Ուրարտու» գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: