Հանրագիտարան

Աթլետիկան օլիմպիական խաղերում

Աթլետիկան ներառում է հինգ բաժիններից`   քայլք, վազք, ցատկեր, նետումներ և բազմամարտ, որոնք իրենց հերթին բաժանվում են շատ ձևերի և խմբերի։

 

Հին հունական օլիմպիական խաղերի սկիզբը համարվում է մ.թ.ա. 776-ը։ Առաջին օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված էր միայն մեկ ձև`   Ստադիոդրոմ կոչվող վազքը, որը հավասար է 192 մ 27 սմ։ Այսպես շարունակվեց մինչև մ.թ.ա. 724-ը։ Թվով 14-րդ խաղերում մտցվեց նաև երկու ստադիոդրոմ վազքը`   384 մ 54 սմ։ Ավելի ուշ ավելացավ նաև երկար տարածություն`   24 ստադիոդրոմ վազքը, որը հավասար էր 4614 մ 48 սմ։ մ.թ.ա. 708-ին ծրագրի մեջ մտավ հնգամարտը, որի մեջ մտնում էր վազքը, հեռացատկը, նիզականետումը, սկավառականետումը և ըմբշամարտը բռնցքամարտի հետ։ 
 
1896-ի Աթենքի օլիմպիական խաղերի ծրագրում աթլետիկան ներկայացված էր ընդամենը 13 ձևով և բնական էր, որ ցուցաբերած արդյունքները նույնպես ցածր էին։ Աստիճանաբար ավելացան ինչպես խաղերին մասնակցող երկրների քանակը, այնպես էլ աթլետիկական ձևերը և ցուցաբերած արդյունքները։ Կանայք նույնպես զբաղվել են աթլետիկայով։ Դեռ 1916-ին անց են կացվել կանանց միջազգային մրցումներ։ Սակայն կանանց աթլետիկան միայն 1928-ին մտավ օլիմպիական ծրագրի մեջ, այն էլ ընդամենը 5 ձևով`   վազք 100, 800, 4x100, սկավառականետում և բարձրացատկ։ Տարեց տարի ավելանում էին խաղերում ընդգրկված աթլետիկական ձևերը։ 1956-ին Մելբուռնում անցկացված խաղերի ծրագրում, արդեն տեղ էր գտել տղամարդկանց 24 և կանանց 9 աթլետիկական ձև։
1952-ին օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորհրդային Միության մարզիկները, որոնք փոխեցին ուժերի ընդհանուր հարաբերությունները։ 1960-ի Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկյան աթլետները առաջին անգամ պարտություն կրեցին ԽՍՀՄ-ի աթլետներից, որոնք հաջող հանդես եկան և նվաճեցին 11 ոսկե մեդալ։
 
Օլիմպիական խաղերի պատմությունը հարուստ է սպորտային ազնիվ պայքարի և մարզական բարձր արդյունքների ցուցաբերման բազմաթիվ օրինակներով։ Դրանցից է ամերիկացի հանրաճանաչ աթլետ Ջեսի Օուենսի արագավազքը և հեռացատկը։ Արագ վազքի համար նրան անվանում էին «սև նետ» (նա սևամորթ էր)։ Այդ հիանալի աթլետը 1936-ին, մասնակցելով Բեռլինում անցկացված օլիմպիական խաղերին, նվաճեց 4 ոսկե մեդալ, հաղթելով 100, 200, հեռացատկ և 4x100 մ ձևերում։ Նույպիսի հաջողության հասավ 1984-ին Լոս Անջելեսում, կրկին ամերիկացի, 20-րդ դարի լավագույն աթլետ Կարլ Լյուիսը, միայն մի տարբերությամբ, որ բացիայդ խաղերի 4 ոսկե մեդալներից, տաղանդավոր մարզիկը հետագայում ևս նվաճեց 5 ոսկե մեդալ։ Մարզական երկարակեցության և կամային բարձր ցուցանիշների դրսևորման հիանալի օրինակ կարող են ծառայել ամերիկացի սկավառականետորդ Արթուր Օրտերը, որը 4 օլիմպիական խաղերի անընդմեջ չեմպիոն է և ռուս եռացատկորդ Վիկտոր Սանեևը։ Վերջինս երեք անգամ դարձավ չեմպիոն, սահմանելով համաշխարհային ռեկորդ, իսկ չորրորդ անգամ նվաճեց արծաթե մեդալ։ Չեխ վազորդ Էմիլ Զատոպեկը դեռևս հեռավոր, 1952-ին Հելսինկիում նվաճեց 3 ոսկե մեդալ`   5 կմ, 10 կմ և մարաթոնյան վազքում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: