Հանրագիտարան

Պատմագիտություն

Պատմագիտությունը գիտություն է պատմական աղբյուրների, անցյալին վերաբերող փաստերի ու իրողությունների մասին, որոնցով հնարավոր է հավաստել պատմական գործընթացը, նկարագրված փաստերի անաչառությունը և եզրահանգումներ անել դրանց պատճառների մասին:

Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ: XIX դարից սկսվել է սոցիալ-տնտեսական հարցերի ուսումնասիրությունը, և պատմագիտությունը դարձել է հասարակության կյանքը հետազոտող գիտություն: Նրա գլխավոր խնդիրներից է հասարակության ստույգ պատմության ուսումնասիրությունը՝ իր հաջորդականության մեջ:Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքն արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա. դրանց հավաքումը, համակարգումը, համադրումը և վերլուծությունը պատմագիտության հիմքն է: 

Դեռևս Հին Արևելքի և անտիկ աշխարհի պատմաբանները պատմական իրադարձությունները նկարագրելիս հիմնականում պահպանել են ժամանակագրական հաջորդականությունը: Այդ հանգամանքը խիստ կարևորել է նաև Մովսես Խորենացին (V դար):
 
Ժամանակակից պատմագիտությունն առանձին բաժինների ու ճյուղերի, օժանդակ և հատուկ պատմական գիտակարգերի ու գիտությունների հանրագումար է: Դրանցից են աղբյուրագիտությունը, հնագրությունը, հնագրագիտությունը, դիվանագիտությունը, դրամագիտությունը, ժամանակագրությունը, կնքագիտությունը, տարեգրությունը, վարքագրությունը, վիմագրությունը և այլն: Պատմագիտության անխզելի մաս են կազմում հատուկ պատմական գիտություններ հնագիտությունը, ազգագրությունը և պատմական աշխարհագրությունը: 
 
Հայ պատմագիտության պատմությունն սկզբնավորվել է V դարում՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու երկերով: Հայ պատմագրությունը նոր վերելք է ապրել IX դարի վերջից. շարունակվել են հատկապես Մովսես Խորենացու ավանդույթները: Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսը դատապարտել է կենտրոնախույս ուժերին և պաշտպանել միասնական պետության պահպանման անհրաժեշտությունը: Թովմա Արծրունին և նրա պատմությունը շարունակող Անանուն պատմիչը գրել են Արծրունիների և Վասպուրականի, Մովսես Դրասխուրանցին՝ Արցախի և Ուտիքի պատմությունները:
 
XII դարի վերջին և XIII դարի սկզբին պատմագրության մեջ ձևավորվել է նոր դպրոց, որի հիմնադիր Վանական Վարդապետի «Պատմությունը» (չի պահպանվել) մեծ ազդեցություն է թողել նրա հաջորդների՝ Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր Ակներցու երկերի վրա: Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» գործը շարադրված է վավերագրական աղբյուրների հմուտ օգտագործմամբ: 
 
1920–30-ական թվականներին հայ ժողովրդի ծագումնաբանության հարցերը քննելիս հեղինակները տուրք են տվել գաղթերի տեսությանը: 1950-ական թվականներին գիտնականները (Սուրեն Երեմյան, Իգոր Դյակոնով) հայ ժողովրդի ծագումը դիտել են որպես տևական և բարդ գործընթաց: 1980-ական թվականներին մի շարք ուսումնասիրողներ (Թամազ Գամկրելիձե, Վյաչեսլավ Իվանով) հիմնավորել են, որ հնդեվրոպական հանրության նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն ու հարակից շրջաններն են:
 
1930–40-ական թվականներին Հակոբ Մանանդյանը, Խաչիկ Սամուելյանը և ուրիշներ մերժել են Հայաստանում ստրկատիրական հասարակակարգի առկայությունը: Հետագա ուսումնասիրողների (Ս. Երեմյան, Գագիկ Սարգսյան) կարծիքով՝ Հայաստանում եղել է ստրկատիրական հասարակարգ. բացահայտել են դրա առանձնահատկությունները և հելլենիստական բնույթը: Լուսաբանվել է հայկական առաջին պետական կազմավորումների պատմությունը: Ուսումնասիրվել են ավատատիրական տնտեսության հիմնական գծերը, քաղաքների, առևտրի և արհեստների դերը, գյուղական համայնքը, հողատիրության ձևերը և այլն:
 
Հայաստանի նոր պատմության առանցքային խնդիրները եղել են հայ-ռուսական հարաբերությունները: XVIII դարի 2-րդ կեսի ազատագրական շարժումը և հայ-ռուսական հարաբերություններն ուսումնասիրել է Աբգար Հովհաննիսյանը: Արևելյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին են նվիրված Մկրտիչ Ներսիսյանի, Վարդան Պարսամյանի, Ծատուր Աղայանի, Գալուստ Գալոյանի, Զավեն Գրիգորյանի, Վահան Ռշտունու, Թադևոս Հակոբյանի աշխատությունները:
 
Հայ պատմաբանները (Մ. Զուլալյան, Ե. Սարգսյան, Ռ. Սահակյան) բացահայտել են թուրքական արդի պատմագրության՝ հայոց պատմության նենգափոխումները: Ստեղծվել են ընդհանրացնող աշխատություններ՝ «Հայ ժողովրդի պատմություն» (բուհական դասագիրք, 4 հատորով, 1963–70 թթ.), «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1972 թ.), «Հայ ժողովրդի պատմություն» (8 հատոր, 1967–84 թթ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1986 թ.):
1980-ական թվականների վերջերից պատմաբանների ուշադրության կենտրոնում Ղարաբաղի հիմնահարցն է: Ուսումնասիրվել են երկրամասի անցյալի իրադարձությունները, Խորհրդային Ադրբեջանի կազմում նրա տնտեսական, իրավաքաղաքական վիճակը, անկախության հասնելու դիվանագիտական պայքարի ընթացքը և այլն (Բ. Ուլուբաբյան, Յուրի Բարսեղով, Ռոնալդ Սյունի և ուրիշներ):
 
Խորհրդային կարգերի փլուզումից հետո հայ պատմագրության առաջ ծառացել է հայոց պատմական ժառանգությունը համակողմանի արժևորելու՝ պատմական իրականությունը ճշմարտացի ներկայացնող գիտական աշխատություններ ստեղծելու խնդիրը: Ջավախքի պատմության վերաբերյալ արժեքավոր աշխատություններ է գրել Ա. Մելքոնյանը («Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին», 2003 թ., և այլն):
 
Պատմական աշխարհագրություն
 
Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝
ա. տվյալ երկրի կամ շրջանի ֆիզիկաաշխարհագրական նկարագրությունը, 
բ. բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), 
գ. տնտեսական աշխարհագրությունը,
դ. քաղաքական աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների քաղաքական ու վարչական բաժանումների բնութագրումը:
 
Հայաստանում պատմությունն ուսումնասիրում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտներում, Մատենադարանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ԵՊՀ-ում, ՀՊՄՀ-ում, ՀՊԹ-ում, ինչպես նաև Արցախի պետական համալսարանում և այլ հաստատություններում: Հայագիտական և հատկապես հայոց պատմության հետազոտություններ են կատարվում Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի առանձին երկրների կրթագիտական հաստատություններում, Մխիթարյան միաբանությունում, Սփյուռքի գիտամշակութային կենտրոններում և այլուր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: