Հանրագիտարան

Ըմբշամարտ

Ըմբշամարտը մարզաձև է, որի ընթացքում երկու մրցակիցներ մենամարտում են միմյանց հետ՝ ջանալով հակառակորդին տապալել մեջքի վրա: Այն երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանումն է, որը ներառում է մի քանի մարզաձևեր`   հունահռոմեական, ազատ ոճի, ձյուդո և սամբո:
Հունահռոմեական, ազատ ոճի և ձյուդո տեսակները ընգրկված են են օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:

 

Կանոնների պատմությունից
 
Ըմբշամարտը որոշակի կաննոներ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել`   միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։
 
Ըմբշամարտում չկային քաշային կարգ, և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ։ Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ։ Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն`   նույնիսկ մահով։
Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։ Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածներիքանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։
 
Փոփոխվել են նաև գոտեմարտի տևողությունը, մրցամասերի քանակը, մարտերի ընթացքում տրվող ընդմիջումների քանակն ու տևողությունը և այլն։ Այսպես, մինչև 1924-ը գոտեմարտերը շարունակվում էին մինչև մարզիկներից մեկի հաղթանակը։ 1924-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 40 րոպե, որը բաժանվում էր 20 րոպեանոց երկու մրցամասի։ 1928-ին գոտեմարտի տևողությունը կիսով չափ կրճատվեց, և ըմբիշները մարտը վարում էին 10 րոպե կանգնած դրությունում, այնուհետև`   3-ական րոպե`   ծնրադիր վիճակում և վերջին 4 րոպեն`   նորից կանգնած դրությունում։ 1933-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 10 րոպե, ըստ որում ըմբիշները գոտեմարտում էին միայն կանգնած դրությունում։
 
1945-ին ազատ ոճի ըմբիշների գոտեմարտը սահմանվեց 15 րոպե`   առաջին վեց րոպեին կանգնած դրությունում, 3-ական րոպե`   ծնկադիր և վերջին 3 րոպեն`   կանգնած դրությունում։ 1950-ին այս կարգը սահմանվեց նաև հունահռոմեական ըմբշամարտի համար։ 1956-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 12 րոպե, որից առաջին 6 րոպեն`   կանգնած դրությունում, 2-ական րոպե`   ծնրադիր, վերջին 2 րոպեն`   կանգնած դրությունում։
1961-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 10 րոպե`   5-ական րոպեանոց 2 մրցամասով`   մեկ րոպե ընդմիջմամբ։
1969-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 9 րոպե`   3-ական րոպեանոց 3 մրցամասերով`   երկու մեկ րոպեանոց ընդմիջումներով։
1980-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 6 րոպե`   երկու երեքական րոպեանոց մրցամասերով`   մեկ րոպեանոց ընդմիջմամբ։
 
Ազգային ըմբշամարտեր
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: