Հանրագիտարան

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյան (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870թ., Սպիտակի շրջանի Ղարաբոյա – հոկտեմբերի 8, 1935թ., Երևան) հայ մանկագիր էր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932թ.): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910թթ. եղել է ուսուցիչ։
1911թ.-ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
 
Մանուկների համար բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, մշակել հայկական և այլ ժողովուրդների առակներ։ Գրական փորձերն սկսել է աշակերտական տարիներին: Այդ շրջանում գրած ոտանավորները լույս են տեսել 1890 թվականին:
 
Ղազարոս Աղայանից և Հովհաննես Թումանյանից հետո Խնկոյանը համարվում է լավագույն մանկագիրներից մեկը: Նրա լավագույն ոտանավորներից են «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի» և այլ ստեղծագործություններ:
 
Չափածո գրվածքներից են «Աղվեսն ու Արջը», «Ցորնատերն ու Ջաղացպանը», «Գյուղացին ու Արջը» և այլն, արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը» «Գալոյի Աղվեսը» և այլն: Խնկոյանը, սակայն, մեր գրականության մեջ առավել հայտնի է որպես տաղանդավոր առակագիր:
 
Ինքնուրույն գրվածքներից բացի, ունի նաև փոխադրություններ, որոնք կատարվել են մեծավ մասամբ ռուս առակագիր Կռիլովից («Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղվեսն ու խաղողը» և այլն):
 
Խնկոյանը մահացել է 1935 թվականին Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: