Հանրագիտարան

Շառլ Կուլոն

Ֆրանսիացի ֆիզիկոս Շառլ Կուլոնը ծնվել է 1736թ. հունիսի 14-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է տարբեր նյութերի ոլորման ֆիզիկական երևույթի ուսումնասիրությամբ. 1769թ. նա հետազոտել է մազերի, 1777թ.՝ մետաքսաթելերի, 1784թ.՝ մետաղալարերի ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները:
Իր հետագա ուսումնասիրությունների համար Կուլոնը ստեղծել է ոլորակշեռքը, որը կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունն ուսումնասիրելու նպատակով: Այս ուսումնասիրությունները 1785թ. հանգեցրին էլեկտրաստատիկայի հիմնական օրենքի սահմանմանը, որը հետագայում կոչվեց Կուլոնի օրենք:
 
Այս օրենքն արտահայտում է 2 անշարժ կետային լիցքերի փոխազդեցության ուժի կախումը նրանց մեծությունից և հեռավորությունից: Կուլոնը ցույց է տվել նաև, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդչի մակերևույթին, ներմուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունը: Կուլոնը Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ էր: Նրա  անունով է կոչվել էլեկտրականության քանակի միավորը: 
 
Միավորների միջազգային համակարգում 1 Կ-ը էլեկտրականության այն քանակն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում 1Ա անփոփոխ հոսանքի դեպքում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: