Հանրագիտարան

Ֆրենկ Դարաբոնտ

Ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտը ծնվել է 1959 թվականի հունվարի 28-ին Ֆրանսիայում`   Մոնբելյար քաղաքում: Նրա ծնողները հունգարացի էին և Հունգարիայից Ֆրանսիա էին տեղափոխվել 1956 թվականին՝ Հունգարական հեղափոխությունից հետո: Մանուկ հասակից ծնողների հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ`   սկզբում բնակություն հաստատելով Չիկագոյում, այնուհետև Լոս Անջելեսում:

Հոլիվուդում սկսել է աշխատել որպես նկարիչ-ձևավորող և բեմադրող-նկարչի օգնական: 1981 թվականին «Դժոխային գիշեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է ռեժիսոր Չաք Ռասելի հետ, ում հետ հետագայում աշխատում է շատ ֆիլմերում: Իր առաջին ռեժիսորական աշխատանքը 1983 թվականին Սթիվեն Քինգի պատմվածքի հիման վրա նկարահանած «Կինը սենյակում» կարճամետրաժ ֆիլմն էր:

 

Այնուհետև նկարահանում է երկու հեռուստատեսային ֆիլմ, որոնցից հաջողվածը 1990 թվականի «Կենդանի թաղվածները» ֆիլմն էր Թիմ Մաթինսոնի և Ջենիֆեր Ջեյսոն Լիի գլխավոր դերակատարմամբ: Դարաբոնտի առաջին մեծ աշխատանքը, որը նաև մեծ համբավ ու ճանաչում բերեց նրան ամբողջ աշխարհում, Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա 1994 թվականին նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմն էր:

 

Ֆիլմն արժանացավ ինչպես կինոքննադատների հավանությունը, այնպես էլ դարձավ ամենասիրված և դիտվող ֆիլմերից մեկն աշխարհում՝ ներկայացվելով 7 Օսկարի, որոնց թվում և տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում:

 

Սակայն մրցանակների մեծ մասն այդ տարի բաժին հասավ հանրահայտ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմին: Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր (ըստ "IMDb" վարկածի) ցանկում առաջին տեղում է, իսկ Ամերիկայի բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 72-րդը:

 

Այուհետև սցենարներ է գրում հեռուստաֆիլմերի և սերիալների համար, որոնցից նշանավոր են «Սև կատվի փախուստը» հեռուստաֆիլմը, «Երիտասարդ Ինդիանա Ջոնսը» և «Բայքերները պահեստից» սերիալները: 1999 թվականին նկարահանում է իր մյուս հայտնի ֆիլմը՝ «Կանաչ մղոն» ֆանտաստիկ դրաման:
 
Ֆիլմում խաղացել են ամերիկյան մի շարք հայտնի դերասաններ՝ Թոմ Հենքս, Մայլք Կլարկ Դունկան, Դևիդ Մորս, Բոննի Հանտ, Ջեյմս Քրոմվել և այլք: Ֆիլմը նույնպես արժանացել է շատ մրցանակների և, թերևս, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում: Ֆիլմը 250 լավագույն ֆիլմերի (ըստ "IMDb" վարկածի) ցանկում 73-րդն է (2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ), ներկայացվել է 4 Օսկարի:
 
Հաջորդ աշխատանքներն են «Մաժեստիկ» (2001թ.) և «Խավար» (2007թ.) ֆիլմերը: 2010 թվականի հոկտեմբերի 30-ից սկսվել է Դարաբոնտի հեռուստատեսային «Քայլող մեռածներ» հեռուստասերիալը: Ստացել է 11 կինոմրցանակ, ևս 16 անգամ ներկայացվել է տարբեր մրցանակների, որոնց թվում՝ 3 Օսկար և 1 Ոսկե Գլոբուս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: