Հանրագիտարան

Արտեմ Միկոյան

Ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է, ծնվել է 1905թ. օգոստոսի 5-ին: Նրա գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել է 55 համաշխարհային ռեկորդ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված:
1905թ. օգոստոսի 5-ին Լոռու Սանահին գյուղում ծնվում է հինգերորդ երեխան, որին կնքում են Անուշավան անունով (որը հետագայում վերածվում է Արտյոմի կամ Արտեմի, իսկ հայրանունը`   Իվանի): 1923թ. մոր հետ տեղափոխվում է ավագ եղբոր`   Անաստաս Միկոյանի մոտ`   Դոնի Ռոստով, սովորում տեղի ուսումնարանում:
 
Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում «Կրասնի Ակսայ» գործարանում`   որպես խառատի աշակերտ: 1924թ. երիտասարդ Արտեմը մեկնում է Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ ապրում է Ստ. Շահումյանի այրու`   Եկատերինա Սարգիսովայի բնակարանում: «Դինամո» գործարանում որպես խառատ աշխատանքի անցնելուց հետո տեղափոխվում է հանրակացարան:  
 
Արտեմ Միկոյանը 1936թ. ավարտել է Մոսկվայի Ն.Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: 1940–70թթ. եղել է ԽՍՀՄ Ինքնաթիռաշինության փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետը:
 
Միկոյանի ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կործանիչները, ԽՍՀՄ-ում առաջին հրթիռակիր ՄիԳ-19, եռանկյուն թևով ՄիԳ-21, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կործանիչ ինքնաթիռները:
 
Բազմաթիվ ձևափոխություններով ՄիԳ մակնիշի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառությունն ունեն աշխարհում. կառուցվել և աշխարհի շուրջ 40 երկիր է արտահանվել այդ մակնիշի մոտ 60 հզ. ինքնաթիռ:
 
Ներկայումս Մոսկվայում գործող Միկոյանի անվան ճարտարագիտական կենտրոնում մշակվել է ինքնաթիռի շուրջ 200 նախագիծ, ստեղծվել ավիացիոն և հատուկ տեխնիկայի ավելի քան 120 նմուշ: Արտեմ Միկոյանի թևավոր հրթիռների և հրթիռատիեզերական տեխնիկայի ոլորտի աշխատանքները կարևոր նշանակություն ունեն նաև տիեզերագնացության զարգացման համար:
 
Արտեմ Միկոյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ էր, ճարտարագիտատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Պետական մրցանակի 6-ակի դափնեկիր: Միկոյանի անունով են կոչվել Մոսկվայի մեքենաշինական գործարանը և փողոց Երևանում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: