Հանրագիտարան

Ալեքսանդր Դյումա

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Դյուման (1802-1870թթ.) ստեղծել է ռոմանտիկ հերոսների մի ողջ պատկերասրահ: Նրա արկածային վեպերին բնորոշ են լարված ու գրավիչ սյուժեն և սրընթաց գործողությունները:
Ալեքսանդր Դյուման որբացել է 4 տարեկանում, մանկությունն անցել է չքավորության ու կարիքի մեջ: Նախ գրագիր է աշխատել նոտարի, ապա՝ 1822թ.՝ Փարիզ տեղափոխվելուց հետո, Օռլեանի դքսի գրասենյակներում: Կրթությունը լրացրել է ընթերցանությամբ: 
 
Դյուման հռչակվել է «Հենրիխ III-ը և իր արքունիքը» (1829թ.), «Քրիստինա» (1830թ.), «Անտոնիոս» (1831թ.), «Նեյլի աշտարակը» (1832թ.) պիեսներով, որոնք նշանակալի երևույթ էին ռոմանտիկական թատրոնի պատմության մեջ:  
 
Դյումայի ամենասիրված ստեղծագործություններից է «Երեք հրացանակիրներ» (1844թ.) վեպը: Հրացանակիրների քաջագործությունները շարունակվում են «Քսան տարի անց» (1845թ.) և «Վիկոնտ դը Բրաժելոն» (1848-1850թթ.) վեպերում:
 
Անվախ ու ճարպիկ դ'Արտանյանը, սնափառ ու բարեհոգի Պորտոսը, խորամանկ ու գաղտնապահ Արամիսը, մեծահոգի ու խորաթափանց Աթոսը, առաջնորդվելով «Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» նշանաբանով, հաղթահարում են ամեն արգելք ու խոչընդոտ: 
 
Հետաքրքրաշարժ և գրավիչ են նաև Դյումայի «Թագուհի Մարգո» (1845թ.), «Կոմս Մոնտե Քրիստո» (1845-1846թթ.), «Տասը տարի անց» (1848-1850թթ.)  և այլ վեպեր, որոնց հերոսներն աչքի են ընկնում հնարամտությամբ ու անձնազոհությամբ, մեծահոգությամբ ու նվիրվածությամբ:
 
Դյուման իր վեպերում փառաբանել է Ֆրանսիան, նրա հրաշալի ժողովրդին: Նա համակրանքով էր լցված նաև այլ ժողովուրդների հանդեպ և հատկապես նրանց, ովքեր պայքարում էին իրենց ազատության և անկախության համար:
 
Դյումայի գործերի մեծ մասն էկրանավորվել է («Երեք հրացանակիրներ», «Կոմսուհի դը Մոնսորո», «Կոմս Մոնտե Քրիստո» և այլն): Դյումայի գործերի զգալի մասը թարգմանվել է նաև հայերեն: Վեպեր է գրել նաև Դյումայի որդին`   Ալեքսանդր Դյումա-որդին (1824-1895 թթ.):
 
Նա ճանաչվել է «Կամելիազարդ տիկինը» (1842թ.) վեպով, որի հիման վրա Ջուզեպպե Վերդին գրել է «Տրավիատա» օպերան: Դյումա-որդին նամակագրական կապ է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ և բարձր է գնահատել նրա «Պեպո» դրաման:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: