Հանրագիտարան

Նիկոլայ II

Նիկոլայ II-ը (1868թ. մայիսի 18 - 1918թ. հուլիսի 17) հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո`   1885-90թթ., հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892թ.), անգլիական բանակի ծովակալ (1908թ.) և ֆելդմարշալ (1915թ.):
1889թ.-ից մասնակցել է Պետական խորհրդի աշխատանքներին, Ռուսաստանում ուղևորությունների ժամանակ ուղեկցել է հորը: 1890թ. ձեռնարկել է ծովային ճանապարհորդություն դեպի Հեռավոր Արևելք: 1894թ. դարձել է կայսր: 1896թ. տիկնոջ`   կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ ճանապարհորդել է Եվրոպայում: Ֆրանսիայում մասնակցել է «Ռուսական շաբաթին», Մեծ Բրիտանիայում`   Բալմորալի բանակցություններին:
 
1905թ.-ի հունվարի 9-ին բռնկված հեղափոխական ցույցը, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, ճնշելուց հետո`   հոկտեմբերի 17-ին, ստիպված ընդունել է մանիֆեստ «Քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին:
 
Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ: 1914թ.-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային:
 
1915թ.-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները: Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել  Փետրվարյան հեղափոխությունը (1917թ.): Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների ավելի քան 300-ամյա արքայատան անկումով:
 
Միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից հօգուտ եղբոր`   Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն: Ժամանակավոր կառավարության հրամանով Նիկոլայ II-ը և նրա ընտանիքը ձերբակալվել են, իսկ 1918թ.-ի հուլիսի 17-ին բոլշևիկները նրանց գնդակահարել են: Նիկոլայ II-ի ներքին քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել հայ իրականության համար:
 
Այսպես, 1903թ. ընդունվել է եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքը, փակվել են հայկական դպրոցներ: Համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905-1907թթ.) ազդեցությամբ, սակայն, 1905թ.-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստիպված ստորագրել է Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը: 
 
Նիկոլայ II-ն արժանացել է Սբ. Անդրեյ Նախավկայի (1868թ.), Սբ. Ալեքսանդր Նևսկու (1868թ.), Սբ Վլադիմիրի IV աստիճանի (1890թ.), Սբ Գեորգիի IV աստիճանի (1915թ.) և այլ շքանշանների: 2000թ. Ռուսական ուղղափառ եկեղեցին Նիկոլայ II-ին և նրա ընտանիքին դասել է սրբերի կարգը և դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր: 
 
Առաջին աշխարհամարտի (1914-18թթ.) ավարտից և ավստրո-հունգարական զորքերից Սերբիան ազատագրելուց հետո Բելգրադում տեղադրվել է Նիկոլայ II-ի հուշարձանը: Նկարահանվել են կայսրին և նրա ընտանիքին նվիրված ֆիլմեր («Նիկոլայ և Ալեքսանդրա», 1971թ., «Հոգեվարք», 1981թ., «Արքայասպանը», 1991թ., «Ռոմանովներ. Թագակիր ընտանիքը», 2000թ., և այլն):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: