Հանրագիտարան

Ժան դը Լաֆոնտեն

Ֆրանսիական գրականության մեջ ընդհանրապես և մասնավորապես կլասիցիզմի շրջանի առակի բնագավառում եղած նվաճումները վերագրվում են Լաֆոնտենին։ Ժան դը Լաֆոնտենը ծնվել է 1621թ. հուլիսի 8-ին:
Ժան դը Լաֆոնտենը ծագում էր հարուստ բուրժուական ընտանիքից, նրա հայրը պետական աստիճանավոր էր և ցանկանում էր, որ որդին իրավաբանական գործունեությամբ զբաղվի և հետագայում որդուն ժառանգություն է թողնում իր պաշտոնը։
 
Լաֆոնտենը, սակայն, որևէ հակում չուներ դեպի այդ զբաղմունքը և ոչ էլ դեպի հոգևոր բնագավառը, նա շատ ավելի սիրում էր ազատ ու անհոգ կյանք վարել։ Հավասարապես սիրում էր ինչպես հին հունական արվեստը, այնպես էլ Վերածննդի դարաշրջանի գրականությունը։ 
 
Հավանաբար այս էր պատճառը, որ նրա համար առանձին նշանակություն չունեին կլասիցիստական պոետիկայի նորմատիվ կանոններն ու գեղագիտության շատ սկզբունքներ։ Լաֆոնտենը շատ ավելի հետևում էր ստեղծագործող անհատի ազատության նշանաբանին, քան կլասիցիզմի՝ նմանողության սկզբունքին։
 
Համաշխարհային գրականությանը Լաֆոնտենը գերազանցապես հայտնի է իր առակներով։ Նա գրել է նաև դրամատիկական գործեր, չափածո ստեղծագործություններ, արձակ երկեր։
 
Հեղինակի առակները հրատարակվել են 12 գրքով, լույս տեսել 1668-1694 թվականների ընթացքում։ Այս առակները «Հեքիաթների» հետ միասին ամբողջացնում են նրա պոետական-ստեղծագործական կերպարն ու հիմնական վաստակը ֆրանսիական և համաշխարհային գրականության մեջ։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: