Հանրագիտարան

Ռուալ Ամունդսեն

Ռուալ Ամունդսենը ծնվել է 1872թ. հուլիսի 16-ին: Ծովային գործը լավ յուրացնելու համար 3 տարի ծառայել է նախ որպես սովորական նավաստի, ապա դարձել ղեկապետ: Նավապետի դիպլոմ ստանալուց հետո ձեռնամուխ է եղել իր առաջին ինքնուրույն արշավախմբի կազմակերպմանը: Խումբը պետք է անցներ Հյուսիսային Ամերիկայի ափերի երկայնքով և փորձեր գտնել Ատլանտյանից դեպի Խաղաղ օվկիանոս տանող հյուսիսարևմտյան ծովանցքը:
Գիտարշավը տևել է 3 տարի: Ու թեև Արկտիկան արշավախմբի անդամների գլխին էր թափում իր ողջ մոլեգնությունը, այդուհանդերձ, 1906թ. ճանապարհորդները գիտական հարուստ պաշարով հասան Կալիֆորնիայի ափը: Նրանք արեցին այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել 400 տարի շարունակ:
 
Այնուհետև գիտարշավները հաջորդեցին միմյանց: 1910թ. նա ուղևորվեց Հյուսիսային բևեռ, բայց այնտեղ ավելի վաղ հասել էր ամերիկացի Ռոբերտ Փիրին: Ամունդսենը «Ֆրամ» նավով անմիջապես ճանապարհորդեց դեպի Անտարկտիկա և 1911թ.-ի դեկտեմբերի 14-ին առաջինը հասավ Հարավային բևեռ:
 
1926թ. «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգեն կղզուց առաջինը Հյուսիսային բևեռի վրայով անցավ մինչև Ալյասկա՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները: 1928թ. Արկտիկայում աղետի ենթարկվեց «Իտալիա» դիրիժաբլը:
 
Տարբեր երկրներից օգնության շտապողների մեջ էր նաև Ամունդսենը: Նա թռավ օդանավով, սակայն առանց ուղեկցողի: Այդ թռիչքը ճակատագրական եղավ. Ամունդսենը չվերադարձավ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կատարվեց, որտեղ կործանվեց փառապանծ ճանապարհորդի օդանավը:
 
Ի դեպ, Ամունդսենի անունով կոչվել են ծով (Անտարկտիդայի ափին), լեռ (Անտարկտիդայում), ծոց ու գոգհովիտ (համապատասխանաբար`   Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում և նրա հատակին):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: