Հանրագիտարան

Իվան Կրամսկոյ

Ռուս գեղանկարիչ Իվան Կրամսկոյի (1837թ. հունիսի 8 - 1887թ. ապրիլի 6) ստեղծագործությունը մեծապես ազդել է ռուսական ռեալիստական գեղանկարչության զարգացման և գեղարվեստական մտածողության վրա: Նա 1860-1880-ական թվականների ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման առաջնորդներից էր, շրջիկ ցուցահանդեսների նախաձեռնողներից:
Կրամսկոյը 1857-1863թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Նկարչի ստեղծագործության թեմատիկան հարուստ է և բազմազան: Ստեղծել է կենցաղային, պատմական թեմաներով նկարներ, սակայն ավելի հայտնի է որպես դիմանկարիչ:
 
Կրամսկոյը ռուս գրողների, գիտնականների, նկարիչների և հասարակական գործիչների դիմանկարների նկարաշարում առավել ընդգծել է բնորդի հոգեվիճակն ու ներաշխարհը: Լավագույն դիմանկարներից են «Լ. Տոլստոյ» (1873թ.), «Ի. Շիշկին»  (1873թ.), «Մ. Սալտիկով-Շչեդրին» (1879թ.), «Ս. Բոտկին» (1880թ.) և այլն:
 
Կրամսկոյի դեմոկրատական հայացքներն ավելի վառ դրսևորվել են գյուղացիների դիմանկարներում՝ «Անտառապահը» (1874թ.), «Մինա Մոիսեև» (1882թ.), «Գյուղացին երասանով» (1883թ.) և այլն: Դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում են նրա «Նեկրասովը «Վերջին երգերի» շրջանում» (1877-1878թթ.), «Անծանոթուհին» (1883թ.), «Անսփոփ վիշտը» (1884թ., ստեղծել է որդու մահից հետո) և այլ գործեր:
 
Կրամսկոյի առավել հայտնի կտավներից է  «Քրիստոսն անապատում» (1872թ.) նկարը, որտեղ նրա պատկերած Հիսուսն առաքելության իմաստը գտած մեծ անհատի իդեալական կերպար է: Կրամսկոյի «Քրիստոսի գլուխը» (1880-ական թվականներ) և «Ծովակալ Ս. Ա. Գրեյգի դիմանկարը» (1883թ.) կտավները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: