Հանրագիտարան

Ֆրանց Կաֆկա

Ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ.-ի հուլիսի 3-ին: Նա 1901թ. ավարտել է գիմնազիան, 1906թ.՝ Պրահայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1908-1922թթ. աշխատել է ապահովագրական գործակալությունում:
Կաֆկան գրել է գերմաներեն, 1909թ.-ից տպագրվել է ամսագրերում: 1913թ. լույս են տեսել «Հետազոտություն» պատմվածքների ժողովածուն, «Դատավճիռ», «Հնոցապան» պատմվածքները: Կաֆկան 1915թ. արժանացել է Գերմանիայում հեղինակավոր Ֆոնտանեի գրական մրցանակին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրատարակել է «Ուղղիչ գաղութում» (1919թ.) պատմվածքը, «Գյուղական բժիշկ» (1919թ.), «Քաղցած մնալու վարպետը» (1924թ.) պատմվածքների ժողովածուները:
 
Մահից առաջ Կաֆկան կտակել է այրել իր ձեռագրերը, բայց նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Մաքս Բրոդը 1925-1926 թթ.-ին հրատարակել է 3 անավարտ վեպերը («Ամերիկա», «Դատավարություն», «Դղյակը») և անտիպ պատմվածքները («Չինական պատի շինարարությունում», ժողովածու), որոնցով էլ նա համաշխարհային ճանաչման է արժանացել: 
 
Անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինքնադատափետումը, շրջապատող աշխարհի հիվանդագին ընկալումը խորը հետք են թողել նրա ողջ ստեղծագործության վրա: Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում արտացոլվել է XX դարի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ մարդու օտարումն աշխարհից: Նրա հերոսները միայնակ, փոքր ու խեղճ մարդիկ են, որոնք ներկայանում են մղձավանջային կամ հեքիաթային-արկածային իրավիճակներում, և նրանց համար փրկություն չկա:
 
«Որսորդ Գրակխը» պատմվածքի հերոսը կորցրել է ժամանակի ու տարածության զգացողությունը և ապրում է իր համար ստեղծած մի այլ իրականության մեջ: «Փոխակերպություն» պատմվածքում գրոտեսկային և այլաբանական խորհրդանիշներով Կաֆկան պատկերել է ժամանակի բարոյազուրկ ու արգահատելի իրականությունը:
 
Պատմվածքի հերոսը՝ համեստ առևտրական գործավար Գրեգոր Զամզան, առավոտյան արթնանալով, պարզում է, որ վերածվել է մի մեծ միջատի: Որոշ ժամանակ ապրելով այդպիսի իրականության մեջ՝ հասկանում է, որ իրենից խորշում են և´ հարազատները, և´ հասարակությունը:
 
Կաֆկայի նկարագրած  աշխարհում մարդու փոխակերպումն անշրջելի է. մարդը միայնակ է, և ոչ ոք չի կարեկցում նրան: Գրեգորն ինքնասպան է լինում, որովհետև միայնությունն անհաղթահարելի ցավ է պատճառում նրան: «Դատավարություն» վեպում բանկի աշխատակից Յոզեֆ Կ.-ն հանկարծակի իմանում է, որ ինչ-որ մեկի մատնությամբ ինքը պետք է կանգնի դատարանի առջև:
 
Կաֆկան ռեալիստական մանրամասներով ստեղծել է չարագուշակ, արտառոց և հանելուկային դատավարության պատկերը: Ի՞նչ անսովոր մեղադրանք է ներկայացված հերոսին, ինչո՞ւ չի կարողանում խուսափել անհեթեթ դատավճռից, անհասկանալի է: «Դղյակը» վեպը Վառնավա ընտանիքի անխուսափելի կործանման պատմությունն է: Այստեղ գրողի մտորումները մեղքի, փրկության և հույսի, արդարության ուղիների մասին են:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: