Հանրագիտարան

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Ֆրանսիացի գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի (1900թ. հունիսի 29 -1944թ. հուլիսի 31) ստեղծագործություններն առանձնանում են մարդասիրական գաղափարներով, խոհականությամբ և ռոմանտիկայով:
Անտուան (իսկական անունը՝ Անտուան դը Մարի Ժան-Բատիստ Ռոժե) դը Սենտ-Էքզյուպերին 1909-14թթ. սովորել է Լեման քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1919-21թթ.՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում:
 
1921-23թթ. ծառայել է ավիացիայի զորքերում: 1923թ. աշխատել է կղմինդրի գործարանում, եղել ավտոմեքենաների վաճառքի գործակալ, 1926-31թթ.՝ փոստային օդագնացության օդաչու, 1926-29թթ.՝ Վիլյա Բենսի, Դաքարի և Ջուբի օդանավակայանների ղեկավար, 1929-31թթ.՝ օդաչու Հարավային Ամերիկայում, 1933-34թթ.՝ փորձարկող օդաչու:
 
1935թ. փորձել է ռեկորդ սահմանել Փարիզ-Սայգոն չվերթով, բայց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, և Էքզյուպերին հազիվ է փրկվել մահից: 1929թ. հրատարակել է «Հարավային փոստատարը» վիպակը:
 
Վիպակում անդրադարձել է օդաչուների դժվար, սխրանքներով ու փորձություններով լի աշխատանքին, օդային նոր ուղիների յուրացմանը, 1931թ.՝ «Գիշերային թռիչք» վեպը, որն արժանացել է ֆրանսիական «Ֆեմինա» գրական մրցանակին:
 
1935թ. այցելել է Խորհրդային Միություն, տպավորությունները նկարագրել է ակնարկներում: 1936թ. որպես թղթակից մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, ռազմաճակատից ուղարկած թղթակցություններում դատապարտել է ֆաշիզմը, ազգային խտրականությունը, զավթողական պատերազմը: 
 
1938թ. Նյու Յորք-Հրո Երկիր չվերթով կատարած թռիչքը, որ կարող էր ավարտվել աղետով, պատկերել է «Մարդկանց երկիրը» (1939թ., արժանացել է Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակին) վիպակում, որտեղ գրողը կարևորել է մարդկային վեհ արժեքները:
 
1940թ. ֆաշիստական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժելուց հետո տարագրվել է ԱՄՆ: Այդ տարիներին գրել է «Ռազմական օդաչու» (1942թ.), «Նամակ պատանդին» (1943թ.) վիպակները, որոնցում պատկերել է իրենց ունեցվածքը փրկելու նպատակով Ֆրանսիայից հեռացած վտարանդիների երգիծական կերպարներ: 
 
Դժվարությամբ ստացել է ռազմական թռիչքներին մասնակցելու թույլտվություն: 1944թ.-ի հուլիսի 31-ի առավոտյան Կորսիկայի օդանավակայանից օդ է բարձրացել և չի վերադարձել: Սենտ Էքզյուպերին զոհվել է Ֆրանսիայի ազատագրումից 3 շաբաթ առաջ:
 
Գրողը հռչակվել է «Փոքրիկ իշխանը» (1944թ.) հեքիաթ-վիպակով, որն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ: Վիպակի գեղարվեստական արժանիքներից են կերպարների բարդ այլաբանությունը, նուրբ հումորը, թախծոտ քնարականությունը:
 
Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը: Սենտ Էքզյուպերին նաև պատկերազարդել է վիպակը. նրա պատկերազարդումներն այդ իմաստուն հեքիաթի գեղարվեստական հյուսվածքի անքակտելի մասն են:
 
Կյանքի վերջին տարիների հրապարակախոսական գործերում և «Միջնաբերդ» (հրատարակվել է 1948թ.) անավարտ գրքում անդրադարձել է Ֆրանսիայի և ողջ աշխարհի հետպատերազմական կյանքին ու ժամանակակից քաղաքակրթության անկման հեռանկարին:
 
Սենտ Էքզյուպերին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով (1930թ.), Ֆրանսիայի Հանրապետության Զինվորական խաչով (1939թ.): Նրա անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: