Հանրագիտարան

Հայաստանի Առաջին Հանրապետության օր

1918թ. մայիսի 28-ին՝ Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո, Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթել էին թուրքական զորքերը, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները կասեցրեցին թուրքերի առաջխաղացումը և վերացրեցին հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:
 
Ստեղծված պայմաններում Հայաստանն ստիպված էր 1918թ. հունիսի 4-ին ստորագրել Խաղաղության և բարեկամության պայմանագիր օսմանյան կայսրության կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունն այն տարածքների սահմանում, որոնք այդ ժամանակ վերահսկում էր Հայաստանի Հանրապետությունը:
 
Հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրեցին Մուդրուսի հաշտությունը Թուրքիայի կապիտուլյացիայի մասին: Այն ենթադրում էր թուրքական զորքերի դուրսբերումն Անդրկովկասից: 1918թ. նոյեմբերին Թուրքիան Հայաստանին տեղեկացրեց այն մասին, որ իր զորքերը լքում են սահմանից դուրս տարածքները, որոնք նշված էին 1918թ. Բրեստի հաշտությամբ: Նոյեմբերին հայկական զորքերը մտան Ղարաքիլիսա, դեկտեմբերի սկզբին`   Ալեքսանդրապոլ (Գյումրի): 
 
1919թ. ապրիլ-մայիսին Հայաստանի կառավարությունը հսկողություն սահմանեց Կարսի, Օլթիի, Կաղզվանի վրա: Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցություն ցուցաբերեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայ բնակչությանը, որը ձգտում էր անկախանալ Ադրբեջանից: 1920թ. ապրիլի 28-ին, սակայն, Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
 
Հունիսի կեսերին ճնշվեց հայկական ջոկատների դիմադրությունը Ղարաբաղում: Հուլիսի 28-ին հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը: Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:
 
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը`   1991թ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: