Հանրագիտարան

Ալենուշ Տերյան

Իրանում ֆիզիկայի բնագավառի առաջին կին պրոֆեսոր, առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիր Ալենուշ Տերյանը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 9-ին թեհրանահայ ընտանիքում: Մայրն ուսանել է Շվեյցարիայում, ֆրանսերենի ուսուցչուհի է եղել, իսկ հայրը՝ գրող, ով կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի Սեփահ բանկի տնօրեն: Ծնողները տիրապետել են հայերենին, պարսկերենին և ֆրանսերենին: Հայրը կատարել է նաև թարգմանություններ (օրիակ՝ Ֆիրդուսու բանաստեղծություններից, որոնք հրատարկվել են «Արիզադի Պոեզիայի Հավաքածո» գրքում):

1947 թվականին ավարտում է ուսումը Թեհրանի համալսարանի գիտության ֆակուլտետում, սկսում աշխատել նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում է լաբորատորիայի գործառությունների ղեկավար:

 

Հետագայում մեկնում է Փարիզ և Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը: 1956 թվականին ստանում է նախ ասպիրանտի աստիճան, ապա՝ Սորբոնում դասախոսելու առաջարկ: Սակայն շուտով վերադառնում է Իրան, թերմոդինամիկա դասավանդում Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:

 

1959թ.-ին Արևմտյան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին արևային ֆիզիկայի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար, և Տերյանն ընտրվում է որպես թեկնածու: 1961թ.-ի մարտին մեկնում է Գերմանիա, չորս ամսից վերադառնում է Իրան և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում դասախոսի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին դասախոսը:
 
1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, երեք տարի հետո Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ է նշանակվում, սկսում է աշխատել արևային ֆիզիկայի աստղադիրանում, որի հիմնադրման գործում մեծ դերակատարում է ունենում:
 
Տերյանն Իրանում աստղաֆիզիկա դասավանդած առաջին կին դասախոսն է: 1979 թվականին պաշտոնաթող է արվել: Նրա կտակի համաձայն՝ բնակարանը նվիրվել է Ջուղայի հայերին և այն ուսանողներին, որոնք հարմար բնակատեղի չունեն: Մահացել է 2011թ. մարտի 4-ին Թեհրանում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: