Հանրագիտարան

Մայքլ Ջեքսոն

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնն ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար էր։ Ծնվել է 1958թ. օգոստոսի 29-ին: Արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը («Thriller», մոտ 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը («Blood on the Dance Floor: HIStory in the Mix», 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը («HIStory», 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը («Scream», 7 միլիոն դոլար)։
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրել է փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։
 
1971թ.-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվել է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում՝ նա սկսել է բեմում հանդես գալ 1964թ.-ից "The Jackson 5" խմբի կազմում։ 1971թ.-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան են սկսում վերագրել «Փոփ արքա» կոչումը։ 1982թ.-ին թողարկված "Thriller" ալբոմը մինչև օրս մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ 
 
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության՝ նրա մահը սպանության հետևանք էր։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհով մեկ դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվել է փոփ արքայի վերջին ձայնագրությունը "This is it" («Ահա և վերջ»)։ 
 
Երգի մաստեր ձայնագրությունն ուժեղ հսկողության տակ հասցվում է "Sony" ընկերության բրիտանական բաժանմունք և մի քանի ռադիոկայաններ։ Համանուն ալբոմը վաճառքում է հայտնվում հոկտեմբերի 26-ին։ ԱՄՆ-ում երգը հայտնվել էր Մայքլ Ջեքսոնի պաշտոնական կայքում նոյեմբերի 27-ին։ 
 
2009թ. նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած "American Music Awards" մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանանում է 4 մրցանակի հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն փոփ / ռոք կատարող», «Լավագույն երգիչ սոուլ և առ-ն-բի ոճերում», "Number Ones" ալբոմն արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին փոփ / ռոք, սոուլ / առ-ն-բի ոճերում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: