Հանրագիտարան

Էդվարդ Գրիգ

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Էդվարդ Գրիգի (1843թ. հունիսի 15-1907թ. սեպտեմբերի 4) նախնիները գաղթել են Շոտլանդիայից: Հայրը՝ Ալեքսանդրը, աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի առաջին ուսուցիչն էր:
Գրիգը 1862թ. ավարտել է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները: 1863-1866թթ. ապրել է Կոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից: 1866թ. տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ`   Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ): 
 
1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ որպես դաշնակահար և դիրիժոր համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում: 1880-1882թթ. Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես դաշնակահար և դիրիժոր ելույթներ է ունեցել Գերմանիայում, Դանիայում ու Հոլանդիայում: 
 
1885թ.-ից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը: Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը: Գրիգի պարզ, մարդամոտ, կենսունակ արվեստը հուզել է ոչ միայն հայրենակիցներին, այլև աշխարհի երաժշտասեր հասարակայնությանը:
 
Հանրաճանաչ են Գրիգի Դաշնամուրի կոնցերտը, Լարային կվարտետը, դաշնամուրի և լարային գործիքների համար գրված սոնատները, 2 սյուիտները (Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար գրած երաժշտությունից), «Նորվեգական պարերը», նվագախմբային «Սիմֆոնիկ պարերը», բազմաբնույթ երգերը («Սոլվեյգի երգը» և այլն) ու ռոմանսները, խմբերգերը, դաշնամուրային «Քնարական պիեսները»:
 
Գրիգը Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր, Բեռլինի ակադեմիայի պատվավոր անդամ, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանների երաժշտության դոկտոր: Կտակի համաձայն՝ Գրիգի աճյունն ամփոփվել է Տրոլհաուգենի առանձնատան (1925թ.-ից՝ տուն-թանգարան) մերձակա ծովահայաց ժայռախորշում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: