Հանրագիտարան

Հարություն Ալամդարյան

Հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյանը (1795թ. հունվարի 25 - 1834թ. հունիսի 6) ծնվել է Աստրախանում: 14 տարեկան հասակից սովորել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում՝ աշակերտելով ժամանակի հայտնի դեմքերից Սերովբե Պատկանյանցին:

1813թ.-ին հրավիրվել է Մոսկվա, եղել է Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ: 1824-1830թթ.-ին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր: 1826-1828թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գնդի կազմավորմանը:

 

Ուներ ռուսական կողմնորոշում, պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը: Մեղադրվել է որպես Ներսես Ա Աշտարակեցու գաղափարակից, և գեներալ Պասկևիչի թելադրանքով Էջմիածնի սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830թ.): 1832-1834թթ.-ին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում, որտեղ և դավադրաբար սպանվել է: 

 

Գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-1828թթ., անավարտ): Օգտագործել է վարդի ու սոխակի ավանդական մոտիվը, պատկերել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Սոխակ ի յոգևարս» և այլն): 
 
Գրել է նաև կրոնական տաղեր: Հ. Ալամդարյանը թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, զբաղվել բառարանագրությամբ, կարևորել ռուսերենի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ», 1821թ.):
 
Մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական, բարոյակրթական աշխատանքների կանոններ («Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պէտս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825): Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը և այլք:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: