Հանրագիտարան

Օմար Խայամ

Բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա Օմար Խայամը ծնվել է 1048 թվականի մայիսի 18-ին: 8 տարեկանում արդեն իմացել է Ղուրանը, իսկ 12 տարեկանում Նիշապուրի մեդրեսեի (մահմեդական ուսումնական հաստատություն) աշակերտ էր: Փայլուն ավարտել է մահմեդական իրավունքի և բժշկության դասընթացը: Ուսումնասիրել է Սաբիթ իբն Կուրի և հույն մաթեմատիկոսների ու աստղագետների աշխատությունները:

16 տարեկանում տեղափոխվել է Սամարղանդ, ապա Բուխարա, 1074թ. հրավիրվել է Սանջարների պետության մայրաքաղաք Սպահան՝ Մելիք-շահ I սուլթանի արքունիք: Դառնալով սուլթանի խորհրդականներից՝ եղել է նաև Մերվ քաղաքի աստղադիտարանի աստղագետը:

 

1079թ. իր պաշտոնակիցների հետ բարեփոխել է հին պարսկական տոմարը (XI դարից այն գործածվում է Իրանում), որն ավելի ստույգ է, քան Գրիգորյան տոմարը: Խայամը կազմել է «Մելիքշահյան աստղագիտական աղյուսակը», որտեղ ներառել է տեսանելի աստղերի ցուցակը:

 

Փիլիսոփայության մեջ հետևելով Արիստոտելին և Իբն Սինային՝ մատերիալիզմի դիրքերից է մեկնել իրերն ու նրանց բնույթը: 1092թ.՝ շահի ու վեզիրի մահից հետո, մեղադրվելով անաստվածության և այլախոհության համար, բանաստեղծն ստիպված հեռացել է Սպահանից:

 

Խայամը շարադրել է մինչև երրորդ աստիճանի հավասարումների երկրաչափական (կոնական հատույթների միջոցով) լուծումները: «Էվկլիդեսի գրքի դժվար կանխադրույթների մեկնաբանություններ» (մոտ 1077թ.) աշխատությունը վերաբերում է զուգահեռների յուրօրինակ տեսությանը:
 
Խայամը՝ որպես բանաստեղծ, համաշխարհային ճանաչման է արժանացել ռուբայիներով (քառատող բանաստեղծություն): Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես նրան պատկանում:
 
Խայամը միջնադարյան Պարսկաստանի այն եզակի մտածողներից է, որի բանաստեղծական հերոսը չի պարփակվում նախախնամությամբ որոշված սահմաններում. նա բռնության թշնամին է, հանդես է գալիս իբրև ազատ ու ստեղծագործող ինքնուրույն անհատ:
 
Բանաստեղծը, ընդունելով, որ կյանքը և տիեզերքն ստեղծվել են իրենից առաջ ու պիտի գոյատևեն, ափսոսում է, որ մարդու կյանքը կարճ է, և միակ ելքը կյանքի վայելքներն են: Խայամի ոճը սեղմ է, պատկերման միջոցները պարզ են, բանաստեղծական տողը հատու է, ռիթմը՝ ճկուն:
 
Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը: Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունեն նաև Էդուարդ Աղայանը, Ս. Ումառյանը և ուրիշներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: